Չստացված խնդիրը համարել հաղթանակ՝ սխալ է. Գևորգ Մելքոնյան (տեսանյութ)

Հայ -թուրքական արձանագրությունների չեղարկումը Հայաստանի հաղթանակը չէ։ Պատմագետ Գևորգ Մելքոնյանը արտահայտեց այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Նախաձեռնությունը մերն էր հայ-թուրքակական արձանագրությունների հետ կապված և տեսանք, որ չստացվեց։ Չստացված խնդիրը համարել հաղթանակ՝ սխալ է»,- ասաց  Գևորգ Մելքոնյանը։ Նա միևնույն ժամանակ նշեց, որ չնայած չհաջողվեց հարաբերություններ հաստատել, այնուամենայնիվ այն անհրաժեշտություն է և պետք է հասարակությանը պատրաստել դրան։

«Հայ-թուրքական հարաբերությունները պետք է նորմալանան, լինեն հավանական և բարիդրացիական։ Այս առումով մեծ աշխատանք ունենք անելու։ Կարծում եմ հայ-թուրքական արձանագրությունները, միգուցե այլ ձևով, բայց կրկին կդրվեն շրջանառության մեջ։ Քանի որ, վերջ ի վերջո, հարևան ժողովուրդները չեն կարող լինել միշտ այս ձևով դիվանագիտական հարաբերությունների մեջ՝ միևնույն ժամանակ տարեկան ունենալով մոտ 300 մլն դոլարի հասնող առևտրաշրջանառություն»,- ասած պատմագետը։

Նա նաև հիշեցրեց, որ առաջինը ՀՀ անկախությունը ճանաչել է Թուրքիան, իսկ 90-ական թվականներին անգամ հումանիտար օգնություն է տվել Հայաստանին՝ մեծ քանակի ցորեն ուղարկելով։ Ըստ Գևորգ Մելքոնյանի՝ հնարավոր չէ շրջափակման մեջ զարգանալ և Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը բխում է մեր իսկ շահերից։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին հայտարարել էր Սերժ Սարգսյանը։