Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը բռնում է «Հյուսիսկորեական» ճանապարհը. ԻՔՄ

Քաղաքականություն
KSAPcDGcAANxVXfDpku8Ae0gyMbixLUE

Մարտի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝  ՌԴ Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում, անիմացիոն տեսաշարի միջոցով ներկայացրեց ռուսական նոր սերնդի սպառազինությունները, այդ թվում՝ միջմայրցամաքային նոր հրթիռներ, միջուկային շարժիչով թևավոր հրթիռներ և ստորջրյա միջմայրցամաքային դրոններ (շատ այլ սպառազինություններ ևս), որոնք ըստ Պուտինի անիմաստ են դարձնում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք: Հատկանշական է, որ Պուտինի ցուցադրած տեսահոլովակները սկսում են իսկական հրթիռների կամ ինքնաթիռների պատկերներով և կտրուկ անցում են կատարում բավական անորակ անիմացիաների, որոնք չեն կարող վկայել Պուտինի նշած հատկություններով սպառազինությունների առկայության մասին: Նշենք սակայն, որ Պուտինի ելույթի ժամանակ ցուցադրված սպառազինությունների անիմացիաների մասին խոսելիս Պետդեպարտամենտի մամուլի խոսնակը դրանք որակել է որպես էժանագին («cheesy»): Սակայն մի կողմ թողնելով ցուցադրված անիմացիոն տեսանյութերի և իրականության կապի քննարկումը՝ փորձենք հասկանալ, թե ինպիսի քաղաքական հետևանքներ կարող է ունենալ ուժի ցուցադրումն ու անգամ սպառնալիքը: Մեկուսացման վտանգ Վլադիմիր Պուտինի կողմից ռուսական նոր սպառազինությունների (կամ դրանց անիմացիաների) ցուցադրումը մի իրավիճակում է, երբ Մոսկվա-Արեւմուտք հարաբերությունները խիստ լարված են, նշանակում է, որ Պուտինը ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է ուժի և սպառնալիքների մեջ, որը կարող է հանգեցնել Ռուսաստանի վերջնական մեկուսացման: Նմանօրինակ քաղաքականության վառ օրինակ է Հյուսիսային Կորեան, որը չնայած բոլոր հնարավոր պատժամիջոցներին, բնակչության ծայրաստիճան աղքատությանն ու գրեթե ամբողջական միջազգային մեկուսացմանը շարունակ հանդես է գալիս սպառնալիքներով, ստեղծում նոր սպառազինություններ և գործնականում անհնարին դարձնում իրավիճակի կարգավորման խաղաղ տարբերակները։ Ռուսաստանը, եթե որոշում է կայացնում գնալ շարունակ միլիտարացման և մեկուսացման ուղով, ապա փաստորեն ընտրում է զարգացման, ավելի ճիշտ` դեգրադացման հենց այդ՝ հյուսիսկորեական «մոդելը»։ Պատժամիջոցներ և վտանգ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների լարումը երկու կողմերի ազդեցության գոտիների համար մրցակցության, անվտանգության և դրանց հետ կապված շահերի բախման հետևանք է: Պատժամիջոցների քաղաքականությունը չորս տարվա ընթացքում հասցրել է նրան, որ Ռուսաստանի նախագահը ցույց է տալիս նոր, իր խոսքով՝ նմանը չունեցող սպառազինություններ և փաստացի սպառնում: Սպասել, որ Արևմուտքը, մասնավորապես ի դեմս ԱՄՆ-ի, կարող է «վախենալ» այդ զենքերից ու փոխել արտաքին քաղաքական ուղղությունը, անհեթեթություն է: Վաշինգթոնից արդեն իսկ արձագանքել են, որ Պուտինը հաստատել է այն, ինչը ԱՄՆ կառավարությանը հայտնի էր: Իսկ պետդեպարտամենտի մամուլի խոսնակն անգամ ասել է, որ Պուտինը «խաղում էր հանդիսատեսի համար»։ Հետևաբար, պատժամիջոցների քաղաքականությանը Ռուսաստանի կողմից հյուսիսկորեական ոճով պատասխանը այնքան էլ չի անհանգստացրել ԱՄՆ-ին, իսկ Ռուսաստանի կողմից նման խաղերը, հաշվի առնելով նաև ԱՄՆ ներկայիս նախագահի ոչ միանշանակ կերպարը, կարող են լուրջ վտանգ հանդիսանալ ողջ աշխարհի համար: Հայաստանը և վտանգը Հայաստանը Ռուսաստանի հետ միասին նույն անվտանգության համակարգում է: Փաստացի, Հայաստանը համարվում է Ռուսաստանի դաշնակիցը, այստեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան, և Հայաստանը չի կարող շրջանցել Ռուսաստանի անվտանգության հետ կապված հարցերը: Հայաստանը Ռուսաստանի հետ նաև նույն տնտեսական համակարգում է, Եվրասիական տնտեսական միությունում, ուստի Ռուսաստանի մեկուսացումը և դրա հետևանքով անխուսափելի տնտեսական շարունակվող ճգնաժամն արդեն ազդում են, իսկ իրադարձությունների նման զարգացման պարագայում էլ ավելի են ազդելու Հայաստանի տնտեսության վրա: Հայաստանը Ռուսաստանի հետ նաև նույն մշակութային գոտում է, այստեղ հեռարձակվում են ռուսական հեռուստաալիքները, գործում է ռուսական քարոզչությունը, Ռուսաստանում բնակվում են միլիոնավոր հայեր, որոնք անդադար կապի և շփման մեջ են Հայաստանում իրենց հարազատների հետ: Նման պայմաններում, եթե Ռուսաստանը շարունակի իր մեկուսացումը և մարգինալացումը, հետևանքները հասնելու են նաև հայ հասարակությանը, և «աշխարհից կտրվելու» երևույթը կարող է զգացվել նաև այստեղ: Ուստի Հայաստանը պետք է վերանայի իր բոլոր հնարավորությունները, հարաբերություններն ու կախվածությունը Ռուսաստանից և Արեւմուտքից և կարողանա ճիշտ կերպով մանևրել ստեղծված իրավիճակում՝ առնվազի հասցնելով հնարավոր ռիսկերը: Վահե Ղուկասյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»