Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» հաղթեց «Արարատին», իսկ «Բանանցը»՝ «Շիրակին»

Սպորտ
a1hajastan-17-tur

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի խաղերը: Մրցաշարի առաջատար Երեւանի «Ալաշկերտն» անչափ լարված պայքարում մեծ դժվարությամբ հաղթեց առաջնության հետնապահ Երեւանի «Արարատին»: Ալաշկերտցիները չնայած սկզբում երեք գոլ խփեցին, սակայն երկրորդ խաղակեսում արարատցիները տիրեցին նախաձեռնությանը եւ կրճատեցին հաշվի տարբերությունը՝ 2:3: Ավաղ, «Արարատին» չհերիքեց ժամանակը փրկարար գոլը խփելու համար: Մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանը» տնային հանդիպումը չնայած անցկացրեց հենց իր մրցակցի՝ «Փյունիկի» դաշտում, սակայն հաղթեց նվազագույն 1:0 հաշվով: Միակ գոլը 5-րդ րոպեին 11մ հարվածով խփեց Ալեքս Ժունիորը: Հավասար միավորներով աղյուսակի 3-րդ տեղը բաժանող «Բանանցի» եւ «Շիրակի» սկզբունքային մրցավեճն ավարտվեց երեւանցիների բացահայտ առավելությամբ՝ 3:0: Տանտերերի կազմում աչքի ընկան Նարեկ Գյոզալյանը, Ռումյան Հովսեփյանն ու Կվասի Սիբոն: Այդպիսով, 16-րդ տուրում հաղթանակներ տարած բոլոր երեք թիմերն այս անգամ պարտվեցին, եւ հակառակը՝ պարտվողները միաձայն հաղթեցին: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի բարձրագույն խմբում ընդգծված առաջատարներ չկան:  Մրցաշարի հաջորդ՝ 18-րդ տուրը, տեղի կունենա մարտի 10-11-ին: «Շիրակը» կընդունի «Գանձասար-Կապանին», «Ալաշկերտը»՝ «Բանանցին», իսկ «Փյունիկը»՝ «Արարատին»: