Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի առաջնություն. Սեփական դաշտում, բայց մրցակցի հարկի տակ

Սպորտ
a1futbol-hajastan

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր տեղի կունենան 17-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի միանձնյա առաջատար Երեւանի «Ալաշկերտը» իր հարկի տակ կհանդիպի Երեւանի «Արարատի» հետ, սակայն հանդես կգա հյուրի կարգավիճակով, քանի որ տանտերերն այդ խաղում արարատցիներն են: Վերջիններս հաջող են սկսել առաջնության գարնանային հատվածը եւ մեկնարկային խաղում 1:0 հաշվով հաղթել են 2-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապանին»: «Ալաշկերտը», հակառակը, անհաջող սկսեց նոր տարին եւ առաջին իսկ խաղում սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվեց «Շիրակին»: Առաջատարից վեց միավոր հետ մնացող «Գանձասար-Կապանն» այսօր կմրցի «Փյունիկի» հետ: Կապանցիները չնայած համարվում են խաղի տանտերերը, սակայն արարատցիների նման հանդես են գալու հենց մրցակցի հարկի տակ: Փյունիկցիները նախորդ խաղում 2:0 հաշվով հաղթել են «Բանանցին», իսկ «Գանձասար-Կապանը», ինչպես արդեն նշել ենք, պարտվել էր «Արարատին»: Տուրի երրորդ խաղում Երեւանի «Բանանցն» արդեն սեփական դաշտում կհյուրընկալի Գյումրիի «Շիրակին»: Երկու թիմերն էլ այժմ ունեն 22-ական միավոր եւ միասին բաժանում են 3-4-րդ տեղերը: Դրանք ընդամենը 2 միավորով են հետ մնում «Գանձասար-Կապանից», եւ նույնքան միավորով գերազանցում են «Փյունիկին»: Հավելենք, որ բուքմեյքերներն այս տուրում բոլորից շատ հավատում են «Ալաշկերտի» հաղթանակին՝ 1,50 գործակից: Ապա հաջորդում է «Գանձասար-Կապանը»՝ 2,15: Իսկ ահա «Բանանց» - «Շիրակ» խաղում թիմերի հաղթելու շանսերը հավասար են: