Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երազում է քանոնը դուդուկի նման հայտնի դարձնել (տեսանյութ)

Հասարակություն
Qristine

Քրիստինե Ենգոյանի երազանքն է՝ քանոնն աշխարհում հայտնի դարձնել՝ ինչպես դուդուկն է: 6 տարեկան էր Քրիստինեն, երբ հաճախում էր Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ վոկալի դասերի: Պատահականորեն անցավ քանոնի դասարանի մոտով, լսեց քանոնի ձայնն ու որոշեց ներս մտնել: «Գործիքն ինձ հետաքրքրեց: Ուսուցչուհուն հարցրի՝ կարո՞ղ եմ դիպչել, ասաց՝ այո»,- պատմում է նա: Եկել է տուն ու մայրիկին հայտնել որոշման մասին՝ հաճախելու է քանոնի դասերի: Փոքրիկի երաժշտական ունակությունները նկատել է մանկապարտեզի դաշնակահարուհին: «Երբ Քրիստիկը հաճախում էր մանկապարտեզ, հենց էնտեղից նկատեցին, որ նա շատ լավ ընդունակություններ ունի, շատ ազատ էր բեմում, հենց էնտեղ դաշնակահարուհին ինձ ուղղորդեց՝ ասեց կարող եք տանեք երեխային երաժշտական դպրոց»,- պատմում է Քրիստինեի մայրը՝ Անի Սահակյանը:  3 ամիս քանոնի դասերի հաճախելուց հետո բեմ դուրս եկավ՝ միանգամից նվագելով 3 ստեղծագործություն: Տարին չլրացած՝ կայացավ նրա 1-ին մենահամերգը Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: 10 տարեկան է Քրիստինեն և արդեն հասցրել է լուրջ հաջողություններ գրանցել: 3 ամիս առաջ Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ նրա 3-րդ մենահամերգը: Ելույթներով հանդես է եկել Հայաստանի երիտասարդական, Հայաստանի պետական կամերային նվագախմբերի հետ, ինչպես նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ Ամերիկա, Ֆրանսիա, Շվեցարիա, Վիեննա, Ռուսաստան և այլն: Նվագել է Վլադիմիր Սպիվակովի «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի հետ: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, դիպլոմների, շնորհակալագրերի: Շրջագայություններն ու հանդիսատեսի ջերմ ընդունելությունը ոգևորում են նրան: Նշում է, որ օտար ազգի ներկայացուցիչները մոտենում ու հետաքրքրվում են գործիքով: Առաջիկայում ևս պատրաստվում է ճամփորդել: