Մարտի 4-ից Երևան-Գյումրի-Երևան՝ նոր էլեկտրագնացքով

Մարտի 4-ից Երևան-Գյումրի-Երևան երթուղում սկսում է աշխատել ЭП2Д տիպի նոր էլեկտրագնացքը, որը գնվել է վերջերս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից: Էլեկտրագնացքն իր առաջին թեստային չվերթը կատարեց փետրվարի 27-ին:

Նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին վերադառնալով մայրաքաղաք: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե:

Երևան-Գյումրի-Երևան երթուղու մնացած չվերթները դեռ սպասարկվելու են հին շարժակազմով:  

Մարտի 4-ին և 8, 9, 10 և 11-ին գնացքն աշխատելու է անվճար: Դրանից հետո մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2,5 հազար դրամ:  

ЭП2Д էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվեց էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին:

Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:

Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, գործում է անվճար Wi-Fi կապ։ Գնացքում ծխելն արգելվում է: