Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-թուրքական արձանագրությունները մեռած էին վաղուց (տեսանյութ)

Քաղաքականություն
iskandaryan

«Հայ-թուրքական արձանագրությունները մեռած են արդեն տարիներ շարունակ։ Իրականում  դե յուրե երեկ ամրագրվեց այն, ինչն արդեն երկար ժամանակ փաստ էր»,- ասաց այսօր քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանի որոշմամբ դադարեցվել է 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը: Հայաստանի արտաքին գործերի նախարարին հանձնարարվել է արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը:  Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ Թուրքիան իրականում այդքան էլ հետաքրքրված չէ բացելու Հայաստանի հետ իր սահմանը։ «Հայաստանը Թուրքիայի համեմատ փոքր երկիր է։ Տնտեսական առումով մեծ կարևորություն չի ներկայացնում։ Այսինքն, մեծ մոտիվացիա սահմանը բացելու՝ Թուրքիան չի ունեցել և չունի։ 2009 թվականին ավելի շուտ նրա վրա ճնշում էր Արևմուտքից՝ կարգավորելու իր հարաբերությունները հարևանների հետ»,- ասաց Իսկանդարյանը։ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ արձանագրությունների ընթացակարգի դադարեցման պատճառը բնականաբար նախապայմաններն են՝ առաջադրված Թուրքիայի կողմից։ Մասնավորապես պահանջը, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող շրջանները Ադրբեջանին վերադարձնի։