Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեսչական մարմնի հերթական սուտը. «Civil Voice»

Քաղաքականություն
images-1

Ինչպես գիտեք, շուրջ 6 ամիս առաջ, ՀՀ Դիլիջանի  «Best Western Paradise» հյուրանոցը դելֆիիններ էր ներմուծել  Հայաստան՝  կասկածելի «Դելֆինաթերապիա»-ի համար։ «Civil Voice» և «Թռչնասերների Կենտրոն» ՀԿ-ները ուսումնասիրելով փաստաթղթերը և արձանագրելով բազմաթիվ խախտումներ` ողջ խնդիրը և իրողությունը ներկայացրեցին ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Վերջինն էլ  իբրև  խնդրի լուծում կազմակերպեց վարչական վարույթ, որին պետք է մասնակցեին տեսչական մարմինը, բողոքող կողմը  և «Դելֆինաթերապիա Դիլիջան»-ի ներկայացուցիչները։ Մինչդեռ վարույթի 2 հանդիպմանն էլ «Դելֆինաթերապիա Դիլիջան»-ի ներկայացուչիչներն այդպես էլ չներկայացան։ Այս ամենի հետ կապված  Տեսչական մարմնի աշխատակիցներն հավաստիացրեցին, որ այս կազմակերպությունը կասեցրել է իր գործունեությունը և սպասում է Բնապահպանության նախարարության կողմից  տրամադրվող թույտվության փաստաթղթին՝ կենդանիներին Հայաստանից դուրս բերելու համար։ Բնապահպանները համոզված լինելով, որ խնդիրը հանգուցալուծման եզրին է, փորձեցին կայքերի միջոցով ստուգել և արձանագրեցին այն, որ կազմակերպությունը իր  պաշտոնական էջի կայքում կասեցրել է  գործունեությունը։ Նշենք, որ մեզ հետ այս խնդրով աշխատում էին մեր  բրիտանացի գործընկերները։ Նրանք պարբերաբար ծանոթանում էին այս գործով  պատկան մարմինների պաշտոնական քայլերին։ Փետրվարի 21-ին «Թռչնասերների Կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, որը հանդիսանում է նաև ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի  տեսչական մարմնի խորհրդի անդամ, ներկա էր խորհրդի նիստին, որտեղ բարձրաձայնեց «Դելֆինաթերապիա Դիլիջան»-ի գործունեության   կասեցման խնդիրը և ստացավ նույն պատասխանը՝  կազմակերպությունը չի աշխատում  և սպասում է կենդանիների դուրս բերմանը։ Մինչդեռ երեկ ստանում ենք հաղորդակցություն մեր բրիտանացի  գործընկերից այն մասին, որ «Դելֆինաթերապիա Դիլիջան» կազմակերպություը դեռ աշխատում է և այն պնդումը որ իրենք կասեցրել են գործունեությունը չի համապատասխանում իրականությանը։ Բրիտանացի մեր գործընկերները  արտահայտեցին իրենց վրդովմունքն  այն մասին, թե ինչպես կարող են  պատկան մարմինները այդքան անպատասխանատու լինել։ Մեր գործընկերների հաղորդագրությունից հետո «Civil Voice» և «Թռչնասերների Կենտրոն» ՀԿ-ները փորձեցին կապվել «Դելֆինաթերապիա Դիլիջան»-ի հետ և պարզեցին, որ այն դեռ Հայաստանում է  և գործում է։ Դիմեցինք  տեսչական մարմնին՝ բացատրություն և պարզաբանում ստանալու համար, սակայն այդպես էլ այն չստացանք։ Ամփոփելով իրավիճակը ակնհայտ է, որ տեսչական մարմնի գործողությունները կրում էին ձևական բնույթ և ապակողմնորոշում էին հասարակական կազմակերպություններին և բոլոր հետաքրքրված անձանց։