Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրթական համակարգը դարձել է ինկուբատոր` իշխող կուսակցության համար (տեսանյութ)

Քաղաքականություն
dasagirq

2008 թվականի մարտի մեկյան դեպքերը հանրակրթական դպրոցների դասագրքերում ներկայացված են խիստ կողմնակալ, բացակայում են դրանց իրական շարժառիթները, պատճառներն ու հետևանքները, ինչի հետևանքով նոր սերնդի մոտ թյուր և ոչ լիարժեք կարծիք ու տեղեկատվություն է 10 տարի առաջ տեղի ունեցածի վերաբերյալ:  «Մարտի մեկի մասին դասագիրքն ընթերցելով կնկատեք, որ խոսքը գնում է ինչ որ ցուցարարների մասին, որոնք իբր անհայտ՝ ապակայունացնում էին երկրում իրավիճակը, 10 օր շարունակ հանրահավաքներ անում, և պարզ չէ թե ինչի տեղի ունեցան ողբերգական դեպքերը: Փաստացի՝ մոտ 20 տարվա վաղեմության դեպքերը գնահատվում են որպես ժողովրդավարությանը հասցված վնաս, իսկ 10 տարվա իրադարձությունները, որոնք Հայաստանի ճակատագրի վրա ազդեցություն են ունեցել, ընդամենը երկու տողով են արծարծվում», - ասում է Ժուռնալիսների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Ըստ բանախոսի՝ դասագրքում նման մոտեցումն ապացուցում է, որ կրթությունը ՀՀ-ում խիստ իշխանական է, եթե ոչ՝ քաղաքականացված, ինչը բնորոշ էր խորհրդային տարիներին: Լ.Բարսեղյանի համոզմամբ՝ դասագրքերում պետք է ներկայացվեր միայն իրական դեպքերի և փաստերի շարանը, թե քանի հոգի է զոհվել, մարմնական վնասվածք ստացել, ձերբակալվել, ինչպիսին է եղել մարդու իրավունքների  պաշտպանության ինստիտուտների ու միջազգային հանրության արձագանքը և ովքեր են արդյոք պատասխանատվության ենթարկվել, որպեսզի նոր սերունդն ու օտար ընթերցողը նոմինալ պատկերացում կազմեր տեղի ունեցածի մասին, ինչը չի կարողացել անել դասագրքի վրա աշխատած ակադեմիական խումբը: Նրա կարծիքով, պետք է ապաքաղաքականացնել ամբողջ կրթական համակարգը՝ սկսած մանկապարտեզից: «Դպրոցը պետք է իշխանազերծել և քաղաքականազերծել, նույնիսկ՝ մանկապարտեզը, որտեղ գնում է նույն միլիտարիզացիան, կղերականացումը: Դպրոցի տնօրենները չպիտի լինեն կուսակցականներ: Սա իմ համոզմունքն է, և դա երկրին մեծ վնաս է տալիս: Լրիվ մնացել է սովետական ռեժիմը, միայն  կուսակցության անունն  է փոխվել, և կրթական համակարգը դարձել է ինկուբատոր  ապագա իշխող որևէ կուսակցության համար: Դպրոցը պետք է ազատել այդ ախտից, քաղցկեղից, որ դրանից հետո ուշադրություն դարձնել գիտելիքի, ոչ թե քարոզչությանը», - ասում է նա:  Ըստ պատմաբան Վահրամ Թոքմաջյանի, դասագրքերն այդպես էլ չձերբազատվեցին խորհրդային տարիների հատուկ քարոզչությունից, չկա դիսկուս և քննարկում, բազմակողմանիություն, իսկ վերջին հրատարակության դասագրքերում նկատել է նույնիսկ Դաշնակցության քաղաքական քարոզչությունը:   «Դասագիրքը, բացի օրվա իշխանության քաղաքականության արտացոլումը լինելուց՝ դարձել է նաև եկեղեցապետական բուկլետ, ինչն ավելի վտանգավոր է», - ասում է նա: Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանի կարծիքով՝ կրթական համակարգն այսօր միտված է զուտ միլիտարիզացմանը, իսկ պատմությունը կամայականորեն վերախմբագրվում է թե իշխող կուսակցությունների, և թե եկեղեցու կողմից:  «Այս ամենն արվում է, որպեսզի աշակերտը հնարավորինս հեռու լինի իր ապրած իրականությունից: Պատմական իրադարձությունները ֆիլտրվում են»,- ասում է նա: Ըստ բանախոսի՝ պետությունը իր կրթական քաղաքականությամբ պետք է զուտ համակարգի իր երկրի քաղաքացու ձևավորումը, ոչ թե ներազդի նրա վրա: