Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԿ-ները պահանջում են վերանայել կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը

Քաղաքականություն
C_0nVdCW0AAVWoS.jpg-large

ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ 2018 թվականի փետրվարի 27-ին գումարված հերթական նիստերի ավարտից հետո կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է լիարժեք հանրային քննարկում չանցած եւ ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների սուր քննադատությանն արժանացած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս փաստաթղթով նախատեսվում է Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրվանից ի վեր ՀՀ կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, իսկ նախարարներին արգելվում է առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել այդ նիստերում ընդգրկված որեւէ հարցի քննարկման ընթացքի մասին։ Ընդ որում՝ նախագծի հեղինակները այդ գործելաոճին անցնելը փորձում են ներկայացնել որպես ժողովրդավարության դրսևորում և արդյունավետ աշխատանքի երաշխիք։ Մինչդեռ ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Փակ դռների ետևում, հասարակությունից գաղտնի աշխատող որևէ իշխանություն ժողովրդավարության և շուկայական տնտեսության զարգացում չի ապահովել, ավելին՝ այդ պայմանները նպաստել են կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը, կառավարության հանդեպ հանրային վստահության նվազմանը։ Դռնփակ նիստերի անցկացումն անհիմն սահմանափակում է լրագրողների՝ կառավարության աշխատանքը համակողմանի լուսաբանելու հնարավորությունները։ Փաստորեն, վերջին մեկ ամսվա ընթացքում լրատվամիջոցների հրապարակումներում և տարբեր հանրային քննարկումների ընթացքում հնչեցված բոլոր փաստարկներն առ այն, որ կառավարության նիստերը փակ դարձնելը հետադիմական մոտեցում է, ամբողջովին անտեսվեցին։ Եվ իշխանական վերնախավը, արհամարհելով քաղաքացիական հասարակության քննադատությունը, ամեն գնով ձգտում է ընդունել օրինագծի՝ ԱԺ ներկայացված տարբերակը։ Հաշվի առնելով վերը նշվածը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք.  

  • ՀՀԿ-ՀՅԴ խորհրդարանական կոալիցիայից՝ վերանայել հիշյալ օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 16-րդ եւ 17-րդ մասերը՝ նախատեսելով ՀՀ կառավարության նիստերի դռնբաց և միայն պետական կամ այլ գաղտնիք պարունակող հարցերի դեպքում՝ դռնփակ ընթացակարգ, եւ չկաշկանդելով նախարարների հրապարակային ելույթները վարչապետի թույլտվության առկայությամբ կամ բացակայությամբ,
 
  • ԱԺ ընդդիմադիր ուժերից՝ բոլոր հնարավորություններն օգտագործելով՝ ակտիվորեն պայքարել վերոհիշյալ դրույթների ներկա ձևակերպմամբ ընդունման դեմ և նախաձեռնել դրանց վերանայման գործընթաց,
 
  • միջազգային կազմակերպություններից՝ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը և տրամադրվող աջակցությունը պայմանավորել երկրի կառավարման թափանցիկությամբ եւ հանրային հաշվետվողականությամբ, կոռուպցիոն ռիսկերին դիմակայելու պատրաստակամությամբ, կարևոր որոշումներ մշակելիս և իրականացնելիս՝ քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմամբ։
  ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ      Հայտարարությունը բաց է միանալու համար