«Նաիրիտ-2»-ի գույքն ու տարածքներն օտարվել են

Կառավարության որոշմամբ 100 տոկոս պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին  սեփականության իրավունքով պատկանող շենք-շինությունները և դրանցով զբաղեցված օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 10,3 հազ հողատարածքը անկախ գնահատողի կողմից գնահատված 626,9 մլն դրամ շուկայական գնով (ներառյալ` ԱԱՀ-ն) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊԸ-ին: Ըստ հիմնավորման՝ գույքային համալիրը տարիներ շարունակ չի շահագործվել և գտնվում է անմխիթար վիճակում:

«Ա-Ս ինվեսթմենթս»-ը պատրաստակամություն է հայտնել ձեռք բերել գույքային համալիրը և այն օգտագործել արդյունաբերական և այլ գործարար նպատակների համար: Մասնավորապես՝ հիմնել մեխանիկական արտադրամաս (մետաղական և փայտաշեն կոնստրուկցիաների պատրաստման նպատակով), ժամանակակից բետոնի գործարան,  շինանյութերի արտադրության և վերամշակման լրակազմ կենտրոն, շինարարական նյութերի և կիսապատրաստուքների կենտրոնացված պահեստ, բարձրորակ և միաժամանակ մատչելի հյուրանոցային համալիր:

Գնորդը երաշխավորում է բոլոր վերը նշված արտադրական և այլ կարողությունները համապատասխանեցնել շրջակա միջավայրի պաշտպանության և աշխատանքի կազմակերպման, անվտանգության միջազգային չափանիշներին: Ընկերությունը ծրագրի իրականացման համար մոտակա 7-10 տարիների ընթացքում նախատեսում է ներդնել 7,5 մլրդ դրամ և նախնական հաշվարկներով ստեղծել 250 նոր աշխատատեղ: