«Եթե»-ների շարքից է, քանի որ չգիտեմ ում է ՀՀԿ-ն առաջադրելու. Սարգսյանը՝ վարչապետի մասին (տեսանյութ)

ԱԺ-ում այսօր ՀՀ նախագահի իշխանական կոալիցիայի առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանին հարց ուղղելով` Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հետաքրքրվեց` կոռուպցիոն հատկապես ո՞ր դեպքն է նրան խիստ բարկացրել. «Օրինակ` այն որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել…»։

«Ես դատավոր չեմ, հետեւաբար իմ վերաբերմունքը ընդհանուր է. հարյուրավոր փոքր, մանր դեպքերի մասին է խոսքը, որոնց դեմ մարդիկ արտահայտվում են բողոքով կամ անտարբերությամբ, որը դրսեւորվում է նաեւ արտագաղթով։ Ես պետք է մտածեմ, թե ինչ պետք է անեմ, որ դա էլ չլինի։ Ես իմ ներդրումը պետք է բերեմ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։ Այն ինստիտուցիոնալ լուծում է պահանջում` վերեւից ներքեւ»։

Պատգամավորը հետաքրքրվեց Ամուլ սարի շահագործման մասին, որոնց տնօրենների խորհրդի անդամ է եղել Արմեն Սարգսյանը։ «Ես բնապահպանությունը համարում եմ մեր ողջ ժառանգության կարեւոր մասը։ Հանքարդյունաբերությունը համարելով կարեւոր` ես համարում եմ, որ այն կարող է վտանգել ջրային ռեսուրսը։ Որ ընկերության մեջ էլ աշխատելուց եղել եմ, ես խոսել եմ` ելնելով բնապահպանական դիրքերից»,-հայտարարեց Արմեն Սարգսյանը։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը նախ հայտարարեց, որ անգամ աշակերտի մակարդակի մարդը կարող է հասկանալ նրան` իր տված պարզ ու մատչելի պատասխանների շնորհիվ. «Նաեւ ուզում եմ իմանալ` ըստ ձեզ, միջազգային ինչպիսի փորձ պետք է ներդնել բիզնեսի զարգացման առումով ու ինչպես ՀՀ-ն գրավիչ դարձնել միջազգային ներդրումներւ համար»։

Արմեն Սարգսյանի կարծիքով` ներդրումները գնում են այնտեղ, որտեղ կայացած է ներքին շուկան. «Մենք հնարավորություն ունենք` լինելով ԵՏՄ անդամ։ Դեպի ԵՏՄ տարածք` միջազգային սանկցիաների պատճառով քիչ ապրանք է գնում։ Դրա համար ՀՀ-ն պետք է դառնա տեխնոլոգիական տարածք, կենտրոն»։

Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ, հարց ուղղելով, նշեց. «Եկեք մի բան արձանագրենք` ասում եք` ծագումով, էությամբ ՀՀ քաղաքացի եք։ Կա մի պարզ գործունեություն դա հստակեցնելու` ինչու 2011թ. այդ դիմումը չեք հրապարակում, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացի եք կամ չեք։ Այնպիսի տպավորություն է, որ ձեզ մեղադրյալի կարգավիճակում եք զգում, ու դիմում եք փորձառու իրավաբաններին։ Հրապարակեք էդ դիմումն ու վերջացնենք։ Դրա համար հինգ րոպե կպահանջվի։ Նաեւ` ուզում եմ իմանալ` դուք, ի վերջո, կարդացիք Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀՀ վարչապետի պաշտոնում իր չառաջադրվելու մասին։ Մյուս հարցս վերաբերում է քաղբանտարկյալներին` մեր երկրում նրանք կա՞ն, թե ոչ»:

«Այո, այդ սառեցված կազմակերպության փաստաթղթի տակ կա իմ ստորագրությունը, սակայն դա չի կարող լինել քաղաքացիությունը հաստատող կամ հերքող փաստաթուղթ։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ապա այստեղ ունենք «եթե»-երի շարք։ Եթե ընտրվեմ ՀՀ նախագահ ու դրանից հետո ԱԺ իշխող կուսակցությունը առաջադրի նրան ու այդ օրը գա, նորից «եթե»-ների շարքից է, քանի ու չգիտեմ` ում է ՀՀԿ-ն առաջադրելու։ Ճիշտ կլինի այդ հարցը ուղղեք նրան Ես չեմ կարող մեկնաբանել մարդկանց ու քաղաքական մյուս գործիչների հայտարարությունները։ Սրա քաղաքական արժեքը թողնում եմ ձեզ դատելու։ Քաղբանտարկյալների հարցին շատ լրջորեն եմ վերաբերում ու այդ նպատակով հանդիպել եմ քաղհասարակության հետ ու խնդրել եմ փաստաթղթեր, թե արդյոք կա՞ն  հաստատող փաստաթղթեր, թե ոչ, քանի որ կարծիքները տարբեր են։ Միջազգային կառույցներին եւս դիմել եմ, քանի որ չկա որեւէ տեղ արձանագրված որեւէ փաստ, մինչ օրս պատասխան չեմ ստացել։ Մեր երկրում չպետք է լինեն քաղբանտարկյալներ»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթում, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների այն դիտարկմանը, թե Արմեն Սարգսյանը ընդամենը ՀՀԿ թեկնածուն է ու ոչ թե ընտրվելու է, այլ նշանակվելու է ՀՀԿ կողմից, նշեց. «ՀՀԿ թեկնածու լինելը թերություն չէ, այլ առավելություն է»։