Առաքել Սեմիրջյանը 11-րդ զոհին է փնտրում (տեսանյութ)
Այսօրվա իշխանությունը ղեկին է գտնվում մարտի 1-ի կրակոցների արդյունում: «Միամտություն կլինի մտածելն անգամ, որ նրանք չեն խոչընդոտելու հանցագործության դատական լուծմանը: Նրանք իհարկե խոչընդոտելու են, որովհետեւ դա վերաբերելու է բոլորին, ներքեւից վերեւ: Բոլորին՝ մեկին շատ, մեկին քիչ: Ըստ էության 2008 թ մարտի 1-ի հանցագործությունը բացահայտված է, սակայն մեղավորները չեն պատժվել»,- այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկմանն ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Ուղիղ 10 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, զոհվեց 10 քաղաքացի: 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Ազատության հրապարակում 10 օր շարունակ անցկացվող հանրահավաքները ոստիկանները ցրեցին եւ բողոքող քաղաքացիներին ուժով հանեցին Ազատության հրապարակից: Իսկ Մյասնիկյանի արձանին հարող տարածքում զոհվեց ՀՀ 10 քաղաքացի: Քրեական գործ հարուցվեց զանգվածային անկարգությունների նախապատրաստման հոդվածով: «Ոչ թե զանգվածային անկարգությունների գործով քննություն պետք է իրականացվեր, այլ իշխանության մարմինների կողմից կազմակերպված զանգվածային բռնությունների, ապօրինությունների, խոշտանգումների, ազատազրկումների, սահմանադրական կարգի բռնի զավթման հիմքով»,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ըստ նրա՝ հենց պետական ահաբեկչությանը իրավական գնահատական չտալով է պայմանավորված հետագա բոլոր գործողությունները, որոնք Հայաստանում տեղի են ունենում. «Հենց կեղծված ընտրությունները: Ես ձեզ վստահեցնում եմ կրկին ապստամբության փորձեր են լինելու: Եւ դրա ընթացքը չի կասեցվելու, քանի դեռ իշխանության պատասխանառվության հարցը լուծված չէ»: «Մարտի 1» ՀԿ համակարգող Առաքել Սեմիրջյանն էլ հիշում է Սերժ Սարգսյանի խոսքերը, թե 40 -50 հոգով ցուցարարները սպանում էին ոստիկանին: Սակայն մինչ օրս որեւէ քննություն չի կատարվել այդ ուղղությամբ: «Ես 10 տարի է, փորձում եմ եւս մեկ զոհ գտնել, 11-րդ զոհը, եթե այն կա: Հիմա Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարել է, որ ծեծելով սպանված ոստիկան կա: Ես խնդրում եմ այդ վիդեոն տրամադրել հասարակությանը, քանի որ մեր նախագահն է, եւ ես իրեն շատ-շատ վստահում եմ: Ես ցանկանում եմ գտնել, այդ սպանված ոստիկանին, Եթե Ռոբերտ Քոչարյանը ասում էր կրակում էին ավտոբուսների հետեւից եւ թաքնվում, ապա Սերժ Սարգսյանը փաստ է ներկայացնում՝ ծեծելով ոստիկանին սպանել են»: Հենց դրանով պայմանավորված էլ պահանջում են, որպեսզի թե Ռոբերտ Քոչարյանը եւ թե Սերժ Սարգսյանը հարցաքննության կանչվեն: «Կամ սուտ մատնության համար պետք է դատապարտվի կամ օբյեկտիվ տվյալ է, որ պետք է քննության արժանանա»,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Վարդան Հարությունյանը սակայն համամիտ չէ Արթուր Սաքունցի հետ: Ըստ նրա՝ թե Ռոբերտ Քոչարյանին եւ թե Սերժ Սարգսյանին հարցաքննելով ոչինչ չենք ստանալու: Ռոբերտ Քոչարյանին կարող են կանչել դատախազի մոտ եւ նա կտա իր ցուցմունքը: «Կգրեն, համատեղ սուրճ կխմեն կգրկախառնվեն եւ կբաժանվեն իրարից, բայց դա չի բերի պատժին: Այդ պրոցեսը կամ խնդիրը, եթե մենք չկարողանանք լուծել, մեր արդար դատարանի բացակայության հանգամանքն անընդհատ հետաձգելու է բոլոր հանցագործությունների՝ այդ թվում մարտի 1-ի հանցագործությանը վերջակետ դնելուն»: Ըստ իրավապաշտպանի՝ միայն Հայաստանի ժողովրդավարացմամբ կարելի է լուծել բոլոր հարցերը: