Ամեն ինչ ջնջելու եւ երկխոսություն սկսելու ժամանակն է. Արմեն Սարգսյան (տեսանյութ)

ԱԺ-ում ՀՀ նախագահի իշխանական կոալիցիայի 65 պատգամավորների ներկայացրած թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր իր առաջադրման հարցի քննարկմանը ելույթում նախ անդրադարձավ 2008թ. մարտի մեկի իրադարձություններին` նշելով, որ իր հարգանքի տուրքն է մատուցում 10 զոհերի հիշատակին։

Ապա` խոսելով իր առաջադրումից` նախ շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին` իր առաջադրման համար. «Սա ինձ համար ոչ միայն մեծ պատիվ է, այլեւ մեծ պատասխանատվություն։ Նաեւ` շնորհակալություն եմ հայտնում ինչպես ՀՀԿ եւ ՀՅԴ` ինձ առաջադրելու, այնպես էլ` «Ծառուկյան» խմբակցությունից` աջակցության համար»:

Նրա ելույթի համար նախատեսված է մեկ ժամ։ ՀՀ նախագահի թեկնածուի ելույթը հիմնականում աչքի ընկավ հայրենասիրական կոչերով, պատմական անդրադարձով. «Ամեն ինչ ջնջելու եւ երկխոսություն սկսելու ժամանակն է»:

Արմեն Սարգսյանն անդրադարձավ նաեւ արտագաղթին` ասելով. «Այդ մասին խոսելիս տարբեր մոտեցումներ կան։ Արտագաղթը 21-րդ դարի երեւույթ է։ Այն շատ ավելի մեծ հնարավորությունների ձգտելու քայլ է։ Սա կարելի է դիտարկել որպես դեմոգրաֆիկ երեւույթ։ Օրինակ` մեր հարեւանների դեպքում եւս կա արտագաղթ ու միգուցե ավելի մեծ։ Մեզ համար բավարար չէ ներգաղթը. մարդկանց չես կարող արգելել ճամփորդել։ Մեր խնդիրը այն է, որ արտագաղթը գերիշխում է ներգաղթին։ Նաեւ` խնդիր ունենք, որ ՀՀ-ն դառնում է քաղաք-պետություն, բոլորը մարզերից ձգտում են մայրաքաղաք։ Պետք են հարկային, վարկային արտոնություններ, քաջալերում, բարեգործություն մարզերին։ Մեր հեռավոր գյուղերը կարոտ են մեր ուշադրությանը, ու համասեռ պետք է վերաբաշխվի ամեն ինչ։ Այստեղ Սփյուռքը մեծ դեր ունի։ Ուղղակի շատ պարզ քայլեր չենք անում։ Ես խոստանում եմ` իմ էության ողջ անկեղծությանբ աշխատելու եմ։ Մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ։ 21-րդ դարը մերն է լինելու։ Երիտասարդ Հայաստանի տարիներ են լինելու առաջիկայում»: