Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1. բաց մնացած հարցեր

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aylyntranqayin

2008 թվականի մարտի 1-ից անցել է տասը տարի։  Այս տարիների ընթացքում եղել է հետաքննություն, դատավարություն, փաստահավաք գործունեություն, հանրահավաքներ, երթեր, մեղադրանքներ, նկարվել են ֆիլմեր և գրվել անհաշիվ հոդվածներ։ Մարտ 1-ը պետության ողբերգությունն է։ Այն ողբերգություն է թե անհատական մակարդակով, թե հանրային, թե պետական։  Հետևաբար հետևությունները պետք է լինեն նույնպես եռաշերտ։   Հիմնական հարցերի պատասխաններն առ այսօր տրված չեն. հնարավո՞ր էր, արդյոք, խուսափել մարտի 1-ից, ո՞րն էր այն ռումբը, որը հանգեցրեց դրան, արվե՞լ են արդյոք, անհրաժեշտ հետևությունները, և վերջապես՝ ի՞նչ պետք է անել, այլևս երբեք նման բան թույլ չտալու համար։ Երբ երկրում հասարակությունը չի հավատում ընտրական համակարգին, երբ չկա վստահություն համապետական ամենակարևոր միջոցառման հանդեպ, ապա կուտակվում է մեծ լարվածություն և  լուծումները լինում են փողոցում։ Ամենակարևոր հետևությունը պետք է լինի դա։ Ընդհանրապես պետք է հասկանալ՝ ո՞ր պահից են խաղաղ ընտրական պրոցեսները, քաղաքացիական նախաձեռնությունները հորդում փողոց, ի՞նչն է պատճառ հանդիսանում հակամարտության համար։ Պետք է հստակ պատասխանել՝ ի՞նչ է արվել կամ, ավելի ճիշտ, ի՞նչ չի արվել ժամանակին, որ բերել է բախման։ Սա կօգնի նաև հասկանալ՝ որքանո՞վ է այսօր իներտ և հանդարտ թվացող մթնոլորտն իրականում հանդարտ։ Մարտի 1-ի հուզական կողմը դեռ շատ ուժեղ է, հարցը շատ զգայուն է, մեծ է  մի անզգույշ խոսքով ցավ պատճառելու վտանգը։ Բայց  այսօր՝ մարտի մեկից տասը տարի անց, ժամանակն է՝ սկսել ավելի բաց և ազնվորեն վերլուծել ներհասարակական գործընթացները՝ հերթական անգամ ինքներս մեզնից թաքնվելու փոխարեն՝ հերթական պայթյունին չհասնելու համար։   Եթե այս հարցերի պատասխանները քաղաքական և պետական միտքը չձևակերպի, ապա դա ամենաանհարգալից վերաբերմունքը կլինի մարտի 1-ի զոհերի հանդեպ, և կլինի նոր պոտենցիալ ռումբ մեր երկրում։ Նախագահական կառավարման փուլի ավարտը և անցումը խորհրդարանական կառավարման մոդելին, ամենաճիշտ պահն է անելու մի քանի կարևոր քայլ.

  1. Պետությունը պետք է տա ֆինանսական փոխհատուցում մարտի 1-ի զոհերի ընտանիքներին։
  2. Ընտրական համակարգը դարձնել վստահելի։
  3. Սկսել երկրում նոր քաղաքական-հասարակական-պետական վերնախավի ձևավորումը։ Սա չափազանց կարևոր է երկրում նոր մթնոլորտ ձևավորելու, երկրում ծրագրային բանավեճ ունենալու և այլևս երբեք ընտրությունները կյանքի ու մահվան առաջնագծի չվերածելու համար։ Այս ամենը կարող է անել ապրիլյան իշխանությունը։
  «Այլընտրանքային նախագծեր խումբ»