«Անհապաղ բերել այդ փաստաթղթերը ու ցույց տալ Արմեն Սարգսյանի ՀՀ քաղաքացի լինելը» (տեսանյութ)

ԱԺ-ում ՀՀ նախագահի իշխանական կոալիցիայի 65 պատգամավորների ներկայացրած թեկնածու Արմեն Սարգսյանի առաջադրման հարցի քննարկմանն այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով նրա կենսագրությունը, նշեց, որ նա միշտ եղել է առաջնամարտիկ բոլոր հարցերում.

«Սկսելով դպրոցից` հաղթահարել է բոլոր մակարդակները»:
Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նրան հարց ուղղելով, խոսեց ՀՀ նախագահի թեկնածությանը կից ներկայացված փաստաթղթերը, որոնց մեջ չի տեսնում փաստաթղթեր, որտեղ կլինի հաստատում այն չափանիշների, որ սահմանել է Սերժ Սարգսյանը. «Բացի այդ, բաց է մնում նրա ՀՀ քաղաքացիության հարցը, թեեւ բանավոր կերպով նա շատ է խոսել այդ մասին, մինչդեռ համապատասխան փաստաթուղթ չկա, որ վերջին 7 տարում մշտապես բնակվում է ՀՀ-ում»:

Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ այն, ինչ հայտարարել է պարոն Սարգսյանը, հիմնավորված են փաստաթղթերով «Կարող եք հարցում անել համապատասխան մարմիններին։ Բացի այդ, նա դիվանագիտական առաքելություն է կատարել, դա արդեն ինքնին խոսում է այդ մասին»:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց անհապաղ բերել այդ փաստաթղթերը ու ցույց տալ։

Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, շարունակելով հարցը, նշեց, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը 2014թ. մի տեղեկանք է ներկայացրել, որ իրենց մի ՍՊԸ-ի նախագահ լինելու համար իրենց երկրի քաղաքացի պետք է լինի։ Արմեն Սարգսյանն է եղել այդ ՍՊԸ տնօրենը։ Նաեւ` նոր Սահմանադրությամբ ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը պետք է լինի գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո միայն»:

Ի պատասխան Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ դրա պատասխանը կտան սահմանադրագետները. «Եթե մի բան ձեզ չի բավարարում, դիմեք ՍԴ»: