Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ նիստն սկսեց Մարտի մեկի 10 զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով

Քաղաքականություն
aj-3

ԱԺ-ն այսօրվա նիստը սկսեց 2008թ. Մարտի մեկի 10 զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Այնուհետեւ, քվեարկության դրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հեղինակած ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Վարման կարգով խոսելով՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց` քանի որ փաթեթի ընդունումը հակասում է ԵՏՄ շրջանակներում անդամ պետությունների կողմից ստանձնած տնտեսական ինտեգրացիայի խթանման քաղաքականությանը, ինչպես նաև միջազգային պարտավորություններին ու վտանգում է մեր պետության հուսալի գործընկերոջ համբավին, այդ պատճառով էլ իրենք դեմ են քվեարկելու: «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, թե սա քաղաքական կազուս է. «Առաջին ընթերցմանը խորհրդարանական մեծամասնությունը կողմ է քվեարկել հետո նոր հասկացա՞ն, որ հակասում է ինչ-ինչ պայմանագրերի: Արձանագրենք, որ ի դեմս մեծամասնության՝ գործ ունենք անհասկանալի քաղաքական համույթի հետ, որի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը»: ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ նկատեց, որ շատ տարօրինակ ու անհասկանալի է, որ առաջին ընթերցմամբ անցնում է հանձնաժողովում, ապա լիագումար նիստում միաձայն: Նա հորդորեց նայել Մաքսային տնտեսական օրենսգքրի համապատասխան հոդվածը և տեսնել, որ հակասություններ չկան: Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ ասաց, որ առաջին ընթերցման ժամանակ հանձնաժողովում քննարկման ընթացքում կառավարության դիրքորոշումը եղել է նույնը, այսինքն՝ դեմ են եղել՝ ասելով, որ հակասություններ կան. «Ես ինքս անձամբ այդ հակասությունը չէի տեսնում, բայց հետագայում իրավաբանների հետ խորհդակցելով, իրականում հասկանալով, որ ունենք միջազգային պարտավորությունների խնդիրներ՝ դեմ ենք քվեարկել: ՀՀԿ-ի դիրքորոշումն է՝ դա հակասում է մեր պետության կողմից ստանձնած պետական պարտավորություններին»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ շեշտեց՝ յուրաքանչյուր խմբակցություն ինքն է որոշում ինչպես քվեարկել. «Այսօր հաճոյախոսության միջազգային օրն է, գոնե այսօր իրար հանդեպ լինենք հարգալից, հաճոյախոս, թե չէ տարբեր որակումներ ենք տալիս, բերեք, չտանք ու քվեարկենք այնպես, ինչպես ճիշտ է մեր պետության համար»: Նախագիծը չընդունվեց՝ ձայների 33 կողմ, 62 դեմ հարաբերակցությամբ: Այս պահին ԱԺ-ն սկսեց քննարկել ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի առաջադրման հարցը։