Ինչո՞ւ պետք է բուհի ռեկտորի տարիքը սահմանված լինի 70 տարեկան, իսկ մյուսներինը՝ 65. Միքայել Մելքումյան

ԱԺ –ում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ քննարկվում էր «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը։ «Ծառուկյան դաշինքից» Աժ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշեց, որ ԱԺ լսումների ժամանակ 24 ելույթներից 23 մտահոգություն էին հայտնում օրենքի վերաբերյալ։

 «Մենք պայմանավորվել էինք, որ Դուք Ձեր ցանկությամբ պետք է գիտական խորհուրդ ձևավորեք, որտեղ գիտական խորհրդի նախագահը բուհի ռեկտորը չպետք է լինի, որպեսզի հակակշիռներ ձևավորենք։  Ի՞նչ եղավ էդ ընթացքում, որ էդ գիտխորհուրդի նախագահը ակնկալում եք, որ ռեկտորը լինի։ Բացի սա,  ի՞նչ է նշանակում, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքում ռեկտորի աշխատելու տարիքը սահմանված է  յոթանասուն, բայց մյուս աշխատողների համար ասում եք կենսաթոշակային տարիքի։ Ի՞նչ է ռեկտորը ինչ-որ առանձնահատուկ բան է անում, որ նա պիտի լինի յոթանասուն, մյուսը լինի կենսաթոշակային տարիքի»,- հարցրեց «Ծառուկյան դաշինքից» ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը ԿԳ նածարար Լևոն Մկրտչյանին։ 

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանելիս նշեց մի քանի երկրների օրինակ, երբ տարիքը սահմանված է մինչև 65 տարի։

«Վրաստանի  կատեգորիկ մինչև 65 տարեկան, Լատվիայի և Խորվաթիայի օրենքում՝ 65, Լեհաստան 65 տարիք, Օքսֆորդ՝ 65։ Սակայն համաձայն եմ ձեզ հետ, կարող ենք հավասարեցնել ռեկտորի տարիքը ամբիոնի վարիչի, դեկանի և մնացածի տարիքի հետ»,- նշեց ԿԳ նախարարը։