Տրանսպորտի նախագիծը կներկայացվի հանրության դիտարկմանը (տեսանյութ)

Բրիտանական WYG խորհրդատվական ընկերության ներկայացուցիչը պատասխանել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծին վերաբերող հարցերին

Ս.թ. փետրվարի 28-ին կայացել է Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի նիստը, որին հրավիրված է եղել նաև ցանցի նախագծման պատասխանատուներից մեկը՝ WYG խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Ռիչարդ Բառլեյը։ Վերջինս Երևան է ժամանել նոր ցանցին առնչվող տեղում՝ ըստ հասցեների կատարված ուսումնասիրությունների արդյունքներին ծանոթանալու նպատակով։ Ըստ ստացված արդյունքների և դիտարկումների՝ կատարվելու են ցանցի նախագծի լրամշակման աշխատանքներ։ Քաղաքապետի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ մի շարք հարցեր են ներկայացվել խորհրդատուին՝ ցանցի վերանայման և լրամշակման համար։

 «Երևանի քաղաքապետարանը, որպես գործընթացի նախաձեռնող և խորհրդատու կազմակերպության առջև հստակ պահանջներ առաջադրած կառույց, արդեն իսկ խորհրդատու կազմակերպությանը ներկայացրել է բազմաթիվ դիտարկումներ, որոնք հաշվի առնելով տարվում են ցանցի լրամշակման աշխատանքներ։ Մենք ստացել ենք նաև դիտարկումներ Ուղևորափոխադրողների միությունից և Ճանապարհային ոստիկանությունից, որոնք ևս ներկայացվել են խորհրդատու կազմակերպության մասնագետներին», – նշել է Վահե Նիկոյանը՝ հավելելով, որ խորհրդատուին ներկայացված դիտարկումները վերաբերել են որոշ փողոցների թողունակությանը, մի քանի հատվածներում ցանցի անբավարար ծածկույթին, ինչպես նաև՝ կանգառների նպատակահարմարությանը։

Հավելենք, որ մասնագիտական աշխատանքային խմբի անդամներին ներկայացվել է նաև հատուկ հավելված, որով նրանք կարող են ավելի մանրամասնորեն ուսումնասիրել նոր ցանցի նախագծի ծածկույթը և տարբեր երթուղիների արդյունավետությունը։ Հաշվի առնելով, որ տվյալ հավելվածն աշխատանքային է, այս պահին այն հասանելի է միայն մասնագիտական խմբի անդամներին։

Երևանի քաղաքապետի տեղակալ, մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանի առաջարկով հաջորդ նիստի ընթացքում քննարկվելու են կանգառների, ավտոբուսների, վարորդների և սպասարկման ընդհանուր չափորոշիչների վերաբերյալ խնդիրներ։ Հարկ է նաև նշել, որ տրանսպորտի նոր ցանցի խորհրդատուի կողմից լրամշակված նախագիծը ներկայացվելու է հանրությանը՝ դիտարկումների համար։