Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Հակոբյանի կյանքին վտանգ է սպառնում (տեսանյութ)

Հասարակություն
aram-hakobyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ  Արամ Հակոբյանը «Դատապարտյալների հիվանդանոց»-ից  պետք է տեղափոխվի  քաղաքացիական հիվանդանոց՝ նոր  հետազոտության համար։ Փաստաբան  Դավիթ Գյուրջյանը  պնդում է, որ  փետրվարի 8-ին պատշաճ բուժզննում չի իրականացվել։ «Մասնավորապես, կորոնոգրաֆիա կոչվող հետազոտությունը չեն իրականացրել, որի արդյունքում հնարավոր կլիներ պարզել դատական նիստի ժամանակ «Շտապ  օգնության» բրիգադի ախտորոշումը ճիշտ էր, ճիշտ չէր կորոնալ անոթների նեղացման եւ ստենդավորման կարիքի հետ կապված»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան  Դավիթ Գյուրջյանը: Փաստաբանը  հիմքեր ունի պնդելու, որ իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում։ «Հաշվի առնելով նախորդ տարվա նախաինսուլտային վիճակը, որոնք մինչեւ հիմա չեն անցնում, վերջույթների թուլացման , խոսակցական ֆունկցիայի, բոլորս էլ ականատես ենք, որ խոսակցական ֆունկցիան որոշակի չափով խանգարված է: Հիմա էլ ախտորոշվում են հիպերտոնիա, հիպերտենզիա եւ մի շարք հիվանդություններ, որոնցից որոշները ներառված են կառավարության 825 որոշման մեջ: Պատկանում են այն հիվանդություններին, որոնք պատժի հետագա կրման հետ անհամատեղելի են, եթե դրանց զարգացման աստիճանը գերազանցում է այս կամ այն աստիճանը»: Մինչ օրս իրականացված  բժշկական հետազոտությունները  հիմք չեն տալիս  փաստաբանին դիմելու  համապատասխան մարմիններին՝  Արամ  Հակոբյանին պատժի կրումից ազատելու  համար։  Նոր հետազոտությունները կարող են հիմք դառնալ։ «Կան հիվանդություններ, որոնց աստիճանը պարզված չէ: Եւ պարզման դեպքում հնարավոր է համապատասխանեն այդ որոշման պահանջներին, ինչի կապակցությամբ փորձաքննության միջնորդությունը  թողնվել է առանց քննության:  Փաստորեն այս ուղին եւս փակել են մեզ համար» Դավիթ Գյուրջյանը պատրաստվում է  դատարան ներկայացնել միջնորդություն՝  գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։ Սակայն  Դավիթ Գյուրջյանը չկարողացավ միջնորդություն անել «Սասնա ծռերի» գործով  այսօր՝  դատական նիստի ընթացքում, քանի որ այն կարճ  տեւեց։  «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող Սերգեյ Կյուրեղյանը դատարանին գրություն էր ուղարկել, որ վատառողջ է եւ չի կարող մասնակցել  նիստին: «Սասնա ծռեր»-ի մեծ մասը չէր մասնակցում դատական նիստին, քանի որ  հեռացված են  անհարգալից վերաբերմունքի համար։ Դահլիճում ներկա Մարտիրոս Հակոբյանը դատավորից հետաքրքրվեց՝ ո՞ւր են իր  պայմանագրային պաշտպանները: Այնուհետ հայտարարեց. «Ես գնում եմ, այստեղ ոչ դատարան կա, ոչ էլ: Գնում եմ»:  Դատավորը Մարտիրոս Հակոբյանին  8 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար, այնուհետ որոշեց գործի քննությունը շարունակել մարտի 6-ին: