Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեսուչները հայտնաբերել են 125 կգ կասկածելի թարմությամբ միս (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled1-13

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակներում և  սպանդանոցային մորթի պարտադիր նորմի նեդրմանը զուգահեռ՝ շրջայցեր է կատարում մսի իրացման շուկաներ: Ծառայության տեսուչները վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, հերթական շրջայցն են կատարել Խորենացու մսի տաղավարների տարածք՝ նպատակով ունենալով հսկել թե ստացված մսի ծագումը, և թե մսի տեղափոխման պայմանները: Ծառայության մասնագետները ստուգել են ստացվող մսեղիքի ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Այն բոլոր դեպերում, երբ միսը կասկածելի են համարել, կատարել են նմուշառում և ուղարկել անասնաբուժասանիտարական փորձաքննության՝ մինչ այդ կասեցնելով վաճառքը: Փորձաքննության վերցված նմուշներում, լաբորատոր հետազոտությամբ, սուր վարակիչ հիվանդություններ չեն հայտնաբերվել: Տեսուչների հայտնաբերած 125 կգ կասկածելի թարմությամբ միսը, որը չի ունեցել ուղեկցող փաստաթղթեր, ուղարկվել է գազանանոց: Օրեր առաջ, անասնահամաճարակային մշտադիտարկման շրջանակներում Ծառայությունը կանխել էր առանց ուղեկցող փաստաթղթերի մսի իրացման փորձը: Թեև սահմանված ժամանակացույցով մսի տեղափոխումը սանիտարական անձնագրեր  ունեցող փոխադրամիջոցներով դեռևս պարտադիր պայման չէ, սակայն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ծանուցումների ու խորհրդատվության միջոցով, տնտեսավարողներին հորդորում է օր առաջ միսը տեղափոխել սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին համապատասխան: Հիշեցնենք՝ կառավարության սահմանած ժամանակացույցով սպանդանոցային մորթը ողջ հանրապետությունում պարտադիր կդառնա հուլիսի 1-ից, և միս տեղափոխող փոխադրամիջոցների անձնագրավորումն ու համապատասխանեցումը՝ այդ ժամկետին համահունչ: Շրջայցեր կլինեն նաև մսի վաճառքի այլ շուկաներում:   ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն