Տաքսու վարորդի սուրճի մեջ հոգեներգործուն դեղահաբ էր գցել ու թալանել

Փետրվարի 15-ն՝ 22։20-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել մի տաքսու վարորդ ու հայտնել, որ Երևանում իր մեքենան մի տղամարդ է նստել ու պատվիրել իրեն տանել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ։ Ճանապարհին պատվիրատուն վարորդին սուրճ է հյուրասիրել։ Խմելուց հետո վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և Հրազդան չհասած՝ տաքսու վարորդը մեքենան վստահել է պատվիրատուին, որ նա վարի։

Փոքր-ինչ լավ զգալուց հետո վարորդը նկատել է, որ Երևանում է՝ Քանաքեռի գերեզմանատան մոտ։ Նկատել է նաև, որ պատվիրատուն ձեռքը մտցրել է իր գրպանը՝ փող հափշտակելու, փորձել է կանխել, սակայն պատվիրատուն նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք տալով՝ հափշտակել է 80 հազար դրամ, բջջային հեռախոսներ ու փախել։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները հետախուզական միջոցառումներով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։ Փետրվարի 23-ին հայտնաբերվեց և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվեց 1978 թվականին ծնված Ավետիս Շառոյանը։ Պարզվել է, որ նա է տաքսու վարորդին հյուրասիրած սուրճի մեջ հոգեներգործուն դեղահաբ գցել։ Շառոյանի խոսքով՝ նույն եղանակով 40-ից ավելի հափշտակություն է կատարել։
Հանգամանքները պարզվում են։

Դեպքերի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։