Հակահրդեհային ամենագնաց մեքենա՝ «Ջրվեժ» անտառապարկին

Այսօր՝ փետրվարի 23-ին «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» (WWF-Հայաստանը) «Անդրսահմանային միացյալ քարտուղարության 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառապարկին նվիրաբերել է բարձրակարգ հակահրդեհային տեխնիկա։

Միջոցառմանը ներկա են եղել բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, «Բնության համաշխարհային հիմնադրամի» տնօրեն Կարեն Մանվելյանը եւ «Ջրվեժ» անտառապարկի տնօրեն Լեւոն Գաբրիելյանը։

Հրշեջ պոմպերով հակահրդեհային ամենագնաց մեքենան կարող է հաղթահարել ամենաբարդ տեղանքներն ու կարող է կիրառվել նաեւ փրկարարական նպատակներով: Մեքենան կարելի է օգտագործել նաեւ ոռոգման նպատակներով հատկապես այն տարածքներում, որտեղ ոռոգման համակարգը բացակայում է։

Անտառապարկի աշխատակիցներին հակահրդեհային մեքենայի հետ միասին տրամադրվել է նաեւ համապատասխան համազգեստ, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ սարքավորումներ, որոնք կօգնեն անտառապարկի պահպանության աշխատանքներին։

Ամռանը բռնկված հրդեհներից հետո սա արդեն երկրորդ անգամն է, ինչ «Բնության համաշխարհային հիմնադրամն» աջակցում է պահպանվող տարածքներին հակահրդեհային տեխնիկայի հարցում։ Անցյալ տարվա հոկտեմբեր ամսին WWF-

Հայաստանի կողմից ամբողջովին վերանորոգվել եւ թարմացվել է «Խոսրովի անտառ պետական արգելոցի» հրշեջ մեքենան, ինչպես նաեւ տրամադրվել է հակահրդեհային այլ սարքավորումներ։

«Բնության համաշխարհային հիմնադրամը» մշտապես աջակցում է Հայաստանի պահպանվող տարածքներին՝ տրամադրում է տեխնիկա, նպաստում պահպանվող տարածքների հզորացմանը, կարողությունների ընդլայնմանը, կազմակերպում է դասընթացներ, վարժանքներ եւ այլն։