Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահաբեկչությունը արդարացնողի նկատմամբ քրեական գործ կհարուցվի (տեսանյութ)

Քաղաքականություն
orenq

Արդարադատության նախարարությունն առաջարկում է  քրեականացնել հրապարակայնորեն ահաբեկչությունն արդարացնելը, քարոզելը կամ ֆինանսավորելը: Յուրաքանչյուր անձ, ով փորձ կանի հրապարակային կոչեր հնչեցնել,  ինչպես նաեւ արդարացնել, ընդ որում արդարացնելու կամ քարոզելու համար  օրենքը հստակ սահմանումներ չի տալիս եւ դա թողնվելու է դատական մարմիններին, որի համար մենք որեւէ երաշխիք չունենք, եւ անձը, եթե փորձ անի նման գործողությունների մասին խոսել, կարժանանա պատասխանատվության, ասում  է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը: Հայաստանի համար այս օրենքի ընդունումն արդիական չէ, պնդում են իրավապաշտպանները: Հասարակության անվտանգության տեսանկյունից՝ մեր երկիրը ռիսկային գոտում չէ: Հայկուհի Հարությունյանի կարծիքով, բոլոր այն երկրներում , որտեղ ավտորիտար ռեժիմն ավելի է ամրապնդվում, իշխանությունները ջանք են գործադրում, որպեսզի հնարավոր բոլոր ընդվզումների համար քաղաքացիների հնարավորությունները սահմանափակվեն: Օրենքի մյուս բացը թույլ է տալիս թիրախավորել նաեւ ԶԼՄ-ներին: Նույնիսկ օգտագործած բառապաշարի համար լրագրողին կարող են քրեական պատասխանատվության ենթարկել:  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշում է.  «Միջազգային փորձից ելնելով կոչերն են արգելվում, քարոզելն է արգելվում, բայց որ նույնիսկ արդարացնելն է արգելվում, սա արդեն ուղիղ սպառնալիք է խոսքի ազատությանը»: Եթե նայում ենք տեքստի ձեւակերպմանը, ապա այն կիրառելի է տարբեր կառավարման համակարգ ունեցող երկրներում: Բուն խնդիրը հենց այստեղ է: Եթե ունենք մի այնպիսի առաջարկ, որը կիրառելի է ժողովրդավարական  ու ոչ ժողովրդավարական երկրներում, ուրեմն այդ տեքստի հետ մի բան այն չէ, ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելը, քարոզելը կամ ֆինանսավորելը պատժվելու է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքով` 2-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: