Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այսօր էլ ձեզ նման իրավաբանների պատճառով քաղբանտարկյալները դատվում են» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled5-1

ԱԺ-ում «2008թ. մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումներին «Ժառանգության» խոսնակ Գեւորգ Ղահրամանյանը, հարց ուղղելով ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչության պետ տեղակալ Կարեն Բիշարյանին, հետաքրքրվեց` ինչո՞ւ չեն հարցաքննվել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը . «Նաեւ` զանգվածային անկարգությունների հետ կապված` միգուցե հակառակն էր` ոչ թե ընդդիմության դրդմամբ, այլ միգուցե իշխանության կազմակերպածն էր»: Կարեն Բիշարյանի պատասխանները դուր չեկան մարտի մեկի զոհերի ծնողներին. Սարգիս Քլոյանը տեղից սկսեց ընդվզել` հիշեցնելով, որ Ռոբերտ Քոչարյանն ինքը հեռուստահարցազրույցի ժամանակ ասել է փաստեր։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր հարցադրման մեջ նշեց` երբ իրենց ԱԱԾ հարցաքննություն էին կանչել, իրենք հրաժարվում էին բոլոր հարցերին պատասխանել, բացառությամբ մեկից, որին նա պատասխանել է. «ԱՄՆ-ում հարցազրույցի ժամանակ ես ասել եմ` եթե ընտրություններին իշխանությունը պարտվի, բանակը չի հանի ժողովրդի դեմ։ ԱԱԾ-ից ինձ հարցրին այդ հարցազրույցի մասին։ Սա քաղաքական հետապնդում էր, քանի որ մարտի 1-ի դեպքերից առաջ գաղտնալսումներ են եղել»: Կարեն Բիշարյանը նշեց, որ ընդամենը եղել է օպերատիվ հետախուզական գործունեություն` համապատասխան ընթացակարգերով. «Սա ընդամենը իրավական ընթացակարգն եմ ասում, այլ ոչ թե հաստատում եմ ձեր պնդումը»: Արարատ Զուրաբյանը շարունակեց` ասելով. «Մեզ հետեւելու փոխարեն, էդ ամբողջ նկարահանումը անեիք դեպքերի ժամանակ ու բերեիք մեր աչքը մտցնեիք, թե մենք ինչ հանցագործություն ենք կատարել»: Կարեն Բիշարյանը պնդեց իր խոսքը. «Նախաքննական գաղտնիություն կա։ Եթե ակնկալում եք, թե պետք է ասեմ` օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ինչ տվյալներ են ի հայտ եղել, ես դա չեմ պատրաստվում անել, քանի որ դա նաեւ պետական գաղտնիք է»։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հայտարարեց, որ ոչ այստեղ միամիտ կա, ոչ էլ մեր ժողովուրդն է միամիտ, որ մարտի մեկը կբացահայտվի. «Դա կլինի, երբ գործող իշխանությունը հեռանա»։ «Ես ձեր կարծիքը չեմ կիսում»,-արձագանքեց Կարեն Բիշարյանը։ «Ես չէի էլ մտածում, որ իմ կարծիքը պետք է կիսեք։ Այսօր էլ ձեզ նման իրավաբանների պատճառով քաղբանտարկյալները դատվում են»,-հայտարարեց Պետրոս Մակեյանը։ Դահլիճում ծափեր հնչեցին։ Ակտիվիստ Վարդգես Գասպարիի հարցը կրկին Ռոբերտ Քոչարյանի մասին էր. «Նա, ամեն ինչի մասին պատմելով, առաջին դեմքով էր պատմում, որ կարծես ինքն է ականատեսը եղել, ոչ թե իրեն պատմել են։ Արդյոք դա բավարար հիմք չէ՞ր` նրան հարցաքննելու համար»: «Այս պահին` ոչ»,- պատասխանեց Կարեն Բիշարյանը։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ հետաքրքրվեց` արդյոք Ազատության հրապարակում մարտի մեկի առավոտյան տուժածները ներառվա՞ծ են որեւէ հոդվածում։ «Դա օրակարգի հարցի հետ կապ չունի, թեեւ տուժած քաղաքացիներ կան մեր գործերում»,-ասաց Կարեն Բիշարյանը։ Նիկոլ Փաշինյանն էլ հարցրեց. «Այս պահին նորություն կա՞ գործում»: «Նայած, թե ինչ եք հասկանում` նորություն ասելով. փաստական տվյալներ այս պահին չունենք»,-հայտարարեց Կարեն Բիշարյանը։