Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք ունենք նախարություն, որ ամեն լավ բան հարամ է անում. Բաբկեն Պիպոյան (տեսանյութ)

Տնտեսություն
Babken-Pipoyan

Մարտի մեկից ուժի մեջ մտնող դեղատներից դեղերի գնման նոր կարգը քննարկումների առիթ է դարձել: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությքան նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց՝ դեղերի մասին օրենք, իհարկե,  պետք է, բայց պարունակում է ռիսկեր: «Օրենքն այսօր չի գրվել, բայց, չգիտես ինչու, այսօր եկավ օրակարգ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Առողջապահության նախարարությունը ռեֆորմները միտումնավոր ձախողում է: Օրենքի նախագիծն ընդունվել էր դեռ 2016 թվականին, և ոչ մեկը դեմ չէր: Հիմա, հենց առողջապահությունը սկսեց խոսել բոլորը դեմ դարձան: Բոլորը հասկանում են, որ ծխախոտի դեմ պայքար պետք է, բայց ծխելու պայքարի դեմ այնպիսի նախագիծ են բերում, որ միանգամից ծխողների թիվը երկրում սկսում է ավելանալ, բոլորը սկսում են բոյկոտել, որովհետև նախագիծն է իրականությունից կտրված»: Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ ունենք առողջապահության այնպիսի համակարգ, որն այնպես է իրականացնում գործառույթը, որ բոլորն ուզում են իրենց հետ գործ չունենալ: «Այսօր էլ կան դեղեր, որոնք միայն բժշկի ցուցումով պետք է վաճառվեն, բայց արդյո՞ք այդպես է: Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը թող իր անելիքն անի և չարածը չփորձի կոծկել՝ ապառնի խնդիրների մասին խոսելով, որովհետև այս աղմուկի մեծ մասը գալիս է համակարգի հանդեպ անվստահությունից: Սա բերելու է նրան, որ բազմաթիվ քաղաքացիներ դեղերը փորձելու են ձեռք բերել դրսից: Մենք ունենք Առողջապահության նախարարություն, որն անգամ ամենալավ բանին երբ մոտենում է, հարամ է անում:»: Բաբկեն Պիպոյանը վստահություն չի հայտնում նոր կարգի վերաբերյալ: «Ես չեմ կարծում, որ համակարգը բաց, թափանցիկ կաշխատի առնվազն: Այստեղ կսկսի գործել ստվերային շրջանառությունը: Նման բարեփոխումների մասին խոսելուց առաջ պետք է քայլեր անեին: Գործ անելու լավագույն օրինակը կլիներ դեղատներում անհայտ ծագման, ժամկետանց դեղերը բացահայտելը»: