Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կա՞ ապացույց, որ ընդդիմության որեւէ ներկայացուցիչ զենք է կիրառել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled4-7

ԱԺ-ում «2008թ. մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումներին ՀԱԿ անդամ, գրող-հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը, հարց ուղղելով ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչության պետ տեղակալ Կարեն Բիշարյանին, հետաքրքրվեց. «Ես ուզում եմ կրկնել Նիկոլ Փաշինյանի հարցը, որ ուղղված էր Անդրանիկ Քոչարյանին, կա՞ արդյոք որեւէ ապացույց, որ ընդդիմության որեւէ ներկայացուցիչ զենք է կիրառել, կամ որեւէ զինված քայլեր պլանավորե՞լ է։ Զոհերից որեւէ մեկի մոտ զենք եղե՞լ է, թե ոչ, քանի որ դիպուկահարի առաջին խնդիրն է իր նշանառության տակ առնել զինված մարդուն։ Եթե զինված չեն եղել զոհերը, այդ դեպքում ինչի համար էր դիպուկահարը։ Բացի այդ, 5000 հոգուց ցուցմունք եք վերցրել ու նրանց մոտ որեւէ արժեքավոր բան չի եղել սպանությունների մասին։ Ինձ թվում է` այստեղից պետք է սկսել։ 500 վիրավորը ի՞նչ են ասել` ցուցարարներն են իրենց վիրավորել: Զոհերի ծնողների նկատմամբ ճնշումներ եղել են, թե ոչ»։ ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը նախ հայտարարեց, որ հարցադրումը օրակարգի հարցին չի վերաբերում. «Հրազեն օգտագործելու մասով նախաքննության փուլում է գործը։ Ապացույցների հավաքման գործընթացը դեռ չի ավարտվել, նախաքննության շահերից ելնելով որոշ տվյալներ չենք հրապարակում»։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց. «Պարոն Բիշարյան, դրանք այնքան ակնհայտ բաներ են, ինչու չեք ասում, որ զոհերը զինված չեն եղել»։ Մարտի մեկի զոհերից Սամվել Հարությունյանի հայրը` Էդիկ Հարությունյանը, նրան հարց ուղղելով, հայտարարեց. «Ամսի երկուսին ես իմ որդուն տեսնում եմ ձերբակալվածների մեջ։ Դեսպանատան պատի տակ վեց հոգու մեջ իմ որդին էլ կար։ Հիմա ես որեւէ տեսանյութ չեմ կարողանում գտնել` դա ապացուցող։ Փաստահավաք խումբը արդեն պետք է քններ` իմ որդին բութ գործիքո՞վ է սպանվել, թե՞ դիպուկահարի կրակոցի՝ լուծարվեց։ Իսկ դուք պարզե՞լ եք, թե ինչպես է զոհվել իմ որդին, իսկ ես ճիշտը գիտեմ` իմ որդին մոր աչքի առաջ հիվանդանոցում մահացավ»։ Կարեն Բիշարյանն ի պատասխան ասաց. «Եթե ճիշտը գիտեք, ապա նախաքննության մարմինը կարող է ձեզ հարցաքննել։ Դուք լուսանկար եք ներկայացրել, փորձաքննություն է այն անցել ու պարզվել, որ դա այլ մարդու պատկեր է, այլ ոչ թե ձեր որդին էր»: «Ինձնից լավ ոչ մեկ չէր կարող ճանաչել իմ որդուն։ Որոշ մարդիկ վախեցան այդ տեսանյութը տալ ինձ։ Տեսանյութը հեռուստատեսությամբ եմ տեսել ու այդ 20 վայրկյանը այլեւս չկա»,-հայտարարեց Էդիկ Հարությունյանը։ «Պարոն Հարությունյան, մենք հարցում կանենք ոստիկանությանը` այդ տեսանյութը ձեռք բերելու համար»,- վստահեցրեց Կարեն Բիշարյանը։