Ավելի քան 130 միլիոն դոլար՝ «Հին Երևան» նախագծի համար (տեսանյութ)

Տասնամյակներ շարունակ ճարտարապետները մայրաքաղաքի դեմքը պահպանելու լուծումներ են փնտրում: Քաղաքային իշխանությունները խոստանում են՝ մի քանի տարի անց Աբովյան- Բուզանդ ու Արամի- Կողբացի փողոցները ընդգրկող 120 հազար քառակուսի մետր տարածքը զբոսաշրջային կենտրոն է դառնալու: «Հին Երևան» ծրագիրն ավելի քան 130 միլիոն դոլար կարժենա:

Շինությունների արտաքին տեսքը կհիշեցնի հին Երևանը, օգտագործվում են հին շենքերից պահպանված քարերը, սակայն համալիրում խանութներ ու հյուրանոցներ են լինելու,- « Այնպես, ոնց ես եմ պատկերացրել, դժվար թե իրականանա, ես ուզում էի, որ լիներ վերնիսաժի նման տարածք, որտեղ մարդիկ արհեստներ կներկայացնեն, դրա համար ֆինանսավորողներ են պետք,- նշում է նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը:

Լևոն Վարդանյանի կարծիքով այս նախագծի իրականացման արդյունքում մայրաքաղաքը նոր շունչ կստանա, այս տեսակետը ոչ բոլորն են կիսում:

«Նախ, մենք հին Երևան չենք ստեղծում, դա տարբեր տեղերից հավաքված շենքերի հավաքածու է, որոնք մի մեծ շենքի մեջ են ամբողջանալու, դա հին Երևան անվանելն այդքան ճիշտ չէ»,- նշում է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Համալիրի առաջին հատվածի բետոնապատումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև այս տարվա մայիս, որին կհաջորդի շինարարական աշխատանքների հաջորդ փուլը: