Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի բժշկական համալսարան են այցելել Գերմանիայից ժամանած լրագրողներ

Քաղաքականություն
DSC0493

Գերմանիայի քաղաքացիական կրթության դաշնային գործակալության նախաձեռնությամբ մեկ շաբաթյա այցով Հայաստանում է գերմանացի լրագրողների ու հասարակական գործիչներից կազմված  պատվիրակությունը: Հյուրընկալվող խմբի անդամները Գերմանիայի տարբեր քաղաքներում գործող լրատվամիջոցների լրագրողներ ու խմբագիրներ են, հանրային կառույցների հաղորդակցության բաժինների ղեկավարներ, ինչպես նաև հասարակական ճանաչում ունեցող անձինք: ԵՊԲՀ-ի հետ  կապերի հաստատման և հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով պատվիրակությունն այսօր հանդիպեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և բուհի տարբեր ոլորտները համակարգող պրոռեկտորների հետ:  Արմեն Մուրադյանը համառոտ ներկայացրեց համալսարանի պատմությունը:                 «Մեր համալսարանում բժշկական կրթություն ստացող ուսանողներից յուրաքանչյուր չորրորդն օտարերկրացի է»,- նշեց բուհի ղեկավարը՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ի 6 ֆակուլտետներում 8000 սովորողներից 1800-ն արտերկրից են: Պետական բժշկական համալսարանն ավելի քան երեք տասնամյակ հաջողությամբ պատրաստում է բժիշկ-մասնագետներ օտարերկրյա պետությունների համար:  Բուհի արձանագրած հաջողությունները վերաբերում են ոչ միայն ուսումնական, այլև գիտական և կլինիկական ոլորտներին: Վերջին երկու տարում ԵՊԲՀ այցելել է 5 նոբելյան մրցանակակիր, աշխարհի տարբեր առաջատար համալսարաններից  50-ից ավելի բժիշկ-գիտնականներ համալրել են համալսարանի այցելու պրոֆեսորների շարքը: Արմեն Մուրադյանը նշեց, որ միջազգային մի շարք փոխանակային ծրագրերի շնորհիվ հայ-գերմանական փոխգործակցությունը բժշկական կրթության ոլորտում բարձր մակարդակի վրա է: Գերմանացի լրագրողներն իրենց  հետաքրքրող հարցերն ուղղեցին ԵՊԲՀ ռեկտորին: Հարցադրումները վերաբերում էին բժշկական կրթությանը, դրա արտահանմանը, շրջանավարտների հետագա գործունեությանը, էթիկական և կարգապահական հարցերին, բժշկական տուրիզմին, բժշկական օգնության հասանելիությանը: ԵՊԲՀ ռեկտորն ընդգծեց, որ  բժշկական համալսարանը մեծ արտադրություն է,  և բնակչության առողջության ստեղծման և պահպանման հարցում բժիշկներն ու  լրագրողները, առհասարակ, հասարակական կարծիք ստեղծողները համատեղ աշխատանք պետք է իրականացնեն, իսկ բուժման գործընթացը նեղ մասնագիտական դաշտ է պահանջում: Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները հանդիպումից անմիջապես հետո այցելեցին նաև «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում գտնվող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, ծանոթացան համաժողովրդական միջոցներով կյանքի կոչված սոցիալական կարևոր նշանակության այս կառույցի ստեղծման պատմությանը:   Հյուրերի ուշադրությանը ներկայացվեցին նաև վերականգնողական բուժման համար անհրաժեշտ  տարածաշրջանում եզակի սարքավորումները, զինվորական հաշմանդամություն ունեցող մարդկանց հանգստի, մարզումների ու կեցության պայմանները:  Գերմանացի մասնագետները ծանոթացան նաև ԵՊԲՀ  սիմուլացիոն կենտրոնի կողմից կատարվող աշխատանքներին: Խմբի անդամները տպավորված էին թե՛ համալսարանի, թե՛ համալսարանական հիվանդանոցի  հնարավորություններով, կատարված աշխատանքով ու ծրագրերով:  Նրանց հանգամանալից ներկայացվեց նաև համալսարանական երկու  կլինիկաներում մատուցվող ծառայությունների մասին: Նշենք, որ փետրվարի 21-28-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայից ժամանած  պատվիրակությունը կայցելի տարբեր նշանակություն ունեցող կազմակերպություններ: Այս այցելության նպատակը Հայաստանի քաղաքական, սոցիալական ու տնտեսական իրավիճակին, հիմնական խնդիրներին ու մարտահրավերներին ավելի մոտիկից ծանոթանալն է, ինչը հնարավոր կդարձնի հետագայում իրենց երկրին վերաբերող հարցերն առավել իրազեկ լուսաբանելուն: