«Քարերի սիմֆոնիա»-ն սեփականաշնորհված է. նախարար
Գառնիի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա»-յի մոտ ներկա պահին շինարարական աշխատանքները կասեցված են: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր գործադիր մարմնի նիստից հետո նշեց, որ ահազանգը ստանալուց հետո տեսչական մարմինը գործողություններ է կատարում: «Անկախ նրանից դա կլինի զուտ փայտային գործողություն, թե այլ, կկասեցվի, մինչեւ հստակ չպարզվեն իրավական բոլոր հիմքերը»,- ասում է բնապահպանության նախարարը: Քարերի սիմֆոնիան կամ բազալտե երգեհոնը բնության հատուկ պահպանվող տարածք է համարվում. «Ընդամենը մի քանի ամիս առաջ հաստատել էինք այդ հուշարձանի սահմանները եւ անձնագիրը: Ներկայումս ուսումնասիրություն է կատարվում, արդյոք այն գտնվում է սահմանների մեջ, թե՝ ոչ: Անգամ, եթե նույնիսկ սահմանների մեջ չէ, ապա գտնվում է գետի անմիջական հարեւանությամբ, դա նշանակում է, որ գետի սանիտարական գոտու նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված պահանջներ եւ պայմաններ կան: Երրորդը ցանկացած գործողություն, որը բնության հատուկ պահպանվող տարածքին կարող է սպառնալիք հանդիսանալ, լիազորված մարմինը իրավասու է ձեռնարկելու, կանխարգելիչ, կասեցնող, վերացնող գործողություն»,- ավելացնում է Արծվիկ Մինասյանը: Նա ցավով է նշում, որ ըստ նախնական դիտարկման, «Քարերի սիմֆոնիա»-ն նախկինում սեփականաշնորհվել է եւ մասնավոր տարածք է.«Դեռեւս մեկ տարի առաջ էինք քաշում այն մոտեցումը, որ «Բազալտե երգեհոն»-ը որպես բնության հատուկ պահպանվող տարածք, հանձնենք կառավարման՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, որպեսզի պահպանման ռեժիմն ուժեղացվի այստեղ»: Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ այդ որոշումը պետք է կայացնի համայնքի ավագանին, բայց առ այսօր այդ որոշումը չկա: