Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էս ի՞նչ աջաբսանդալ եք սարքել` մի դրույթը հիմա, մյուսը հաջորդ դարում է ուժի մեջ մտնելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
naira-3

ԱԺ-ում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներին ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ելույթում հայտարարեց, որ քննարկվող օրենքը քաղաքական կամքի իսպառ բացառությունն է. «Կրթական համակարգում փլուզում է գնում, սակայն դա ձեւակերպել եք որպես ոլորտի ռեֆորմ ու բերել քննարկման օրենքի տեսքով։ Ով է ձեզ իրավունք տվել երիտասարդ ու հին սերնդին հակադրել իրար։ Գտեք ճիշտ լուծումներ։ Ինչին ձեռք ես տալիս, հակառակ ռեակցիա է տալիս։ Բարձրագույն կրթության առումով ներդրումներ են պետք։ Երիտասարդի համար բարձրագույն կրթությունը գրավիչ պետք է լինի»։ «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում որոշեց խոսել կրթական համակարգի կոռուպցիայի մասին. «Դեռ երկու տարի առաջ ես ինքս դուրս եկա Գեղարվեստի ակադեմիայի խորհրդի կազմից, քանի որ մեր ներկայությունը այնտեղ բացի գալոչկայից, այլ բան չէր տալիս։ Պատգամավորներից ոչ մեկ չհետեւց իմ քայլին։ Պարոն նախարար, ես շատ ավելի ամբիցիոզ օրենք էի սպասում։ Օրենքում նշել եք, որ ռեկտորն է որոշելու, թե գիտխորհրդի կազմում ով պետք է լինի։ Կարող է` ռեկտորը որոշում է ալրաղացի Վալոդը պետք է լինի գիտխորհրդում։ Գաղափարը լավն է, սակայն այն շատ հանգիստ կարող է այլասերվել, ինչպես ունենք կլասիկ շատ դեպքեր, երբ այլ բան է դառնում։ Ոսկերչական ճշգրտությամբ պետք է մոտենաք գիտնականների` դասախոսելու համար տարիքային շեմին։ Նաեւ` էս ինչ աջաբսանդալ եք սարքել` մի դրույթը հիմա, մյուսը հաջորդ դարում է ուժի մեջ մտնելու։ Բացի այդ, թարգմանչական որակյալ դպրոց այսօր չունենք, դրա համար էլ 3-րդ լեզվից են թարգմանություններ անում։ Դրա համար պետք է լսումներ անենք»։ Երեւանի ավագանու Ելք խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանն իր ելույթում անդրադարձավ բուհական, մասնավորապես ԵՊՀ խորհրդին. «Մենք մի պահ ուրախացանք, որ Սերժ Սարգսյանը չի լինելու ԵՊՀ խորհրդի նախագահ, սակայն նա վերջերս հայտարարեց, թե շարունակելու է մնալ խորհրդի նախագահի պաշտոնում...»։ Նիստը վարող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը փորձեց ընդհատել նրան` ասելով, թե հիմա բարձրագույն կրթության մասին օրենքից են խոսում։ Արայիկ Հարությունյանը կոչ արեց չընդհատել. «Ես էլ եմ այդ օրենքից խոսում, քանի որ արդեն հայտնի է, որ Սերժ Սարգսյանը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին։ Ու խնդրում եմ` իմ ժամանակն ավելացնել։ Ես ուզում եմ օգտագործել գիտական օլիգարխիա տերմինը. բուհերում տարբեր միջամտություններ կան պարտադիր առարկաների ցանկում ու որոնց հաշվին կրճատվում են մասնագիտական առարկաները։ Բուհերը, ըստ օրենքի, պետք է ապակուսակցական լինեն, մինչդեռ այսօր ՀՀԿ-ն լիարժեք մտել է բոլոր բուհերի մեջ։ Ապաքաղաքական դրույթը վերաբերում է բոլոր կուսակցություններին, բացառությամբ ՀՀԿ-ին»: Այս անգամ եւս Վարդան Բոստանջյանը հնարավորություն չտվեց նրան՝ ավարտելու միտքը եւ անջատեց նրա խոսափողը։