Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապագայում երիտասարդ գիտնականների խնդիր ենք ունենալու. նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-18

ԱԺ-ում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, հարց ուղղելով ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին, նշեց, որ նոր օրենքով կենսաթոշակային տարիքի հասած գիտնականն այլեւս չի կարող մասնակցել բուհի ներքին մրցույթներին. «Դրան զուգահեռ նշված է նաեւ, որ տվյալ գիտնականի` բուհում դասախոսելու հնարավորությունը թողնված է ռեկտորի հայեցողությանը։ Սա ինչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ։ Սա նաեւ կոռուպցիայի բուն է։ Պատկերացնում եք` ինչ նվաստացուցիչ արարողություն է` գիտնականն ամեն տարի դիմում է ռեկտորին` եւս մեկ տարով երկարաձգելու պայմանագիրը. եթե գիտնականը կատարել է իր հանձնարարականները, ապա թույլ կտա, եթե անկախություն է ցուցաբերել, ապա` ոչ։ Ու այսպես, ամեն տարի գիտնականը պետք է դիմի։ Տարիքային այս խտրականությունը նույնիսկ Սահմանադրությամբ է արգելված»։ Ի պատասխան ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ 1989թ. դասավանդում է բուհում ու ամեն տարի պայմանագրիր է ստորագրում. «Ու ես չեմ համարում, որ դա նվաստացուցիչ է։ Երիտասարդ սերնդի խնդիր ունենք այսօր։ Աստված մեր գիտնականներին երկար տարիների կյանք տա, սակայն ապագայում երիտասարդ գիտնականների խնդիր ենք ունենալու։ Այսօր 495 ամբիոն ունենք։ Ամբիոնները կանգնած են շատ ծանր վիճակի առաջ. թող նրանք մեկ-երկու գիտնական պատրաստեն»։ «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն իր հերթին ավելացրեց. «Երիտասարդ գիտնականների արտահոսքը ավելի շատ պայմանավորված է իրենց սոցիալական խնդիրներով, այլ ոչ թե տարեց գիտնականների կողմից իրենց ճանապարհը փակելով։ Եվրոպան մի քանի հազար եվրո  աշխատավարձ է առաջարկում նրանց, ու նրանք հաստատ դա չեն փոխի այստեղի մի քանի հազար դրամով»: Լեւոն Մկրտչյանը չհամաձայնվեց նրա փաստարկների հետ. «Ես կարող եմ կոնկրետ օրինակներ բերել, որ երիտասարդ գիտնականին դրսում առաջարկվել է 5-6 հազար դոլարի աշխատանք, սակայն նրանք ասում են` եթե անգամ այդ գումարի փոքր մասը ապահովվի, ինքը կմնա ՀՀ-ում ու կմասնակցի բուհի մրցույթներին։ Երիտասարդների համար էլ է նվաստացուցիչ, քանի որ գնում են մասնակցելու բուհի մրցույթներին, նրանց առաջարկվում է 0,5 կամ 0,75 դրույքաչափով դասաժամ ու 79-ականների դասագրքերով պարտադրում։ Երիտասարդ գիտնականների համար բարոյական բավարարվածությունը շատ կարեւոր է։ Եկեք շանս տանք երիտասարդությանը»: