Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր օրենքի վերջին տարբերակը կոնկրետ մեկ անձի շահերով է առաջնորդվել՝ վարչապետի (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled1-10

ԱԺ-ում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներին Երեւանի ավագանու Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, հարց ուղղելով ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին, հայտնեց իր մտահոգությունները. «Գալով այս պաշտոնին` դուք հայտարարեցիք, որ պետք է ապաքաղաքականացնել բուհերի կառավարումը եւ ինքնակառավարումը բարձրացնել, սակայն դա չի լինի, քանի դեռ վարչապետն է կառավարման կազմը որոշում։ Նաեւ անորոշ է բուհի ռեկտորի ընտրության կարգը, հստակ չի սահմանված»: Երեւանի ավագանու Ելք խմբակցության մեկ այլ անդամ` Արայիկ Հարությունյանն իր հերթին նկատեց, որ «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի վերջին` լրացված տարբերակը կոնկրետ մեկ անձի շահերով է առաջնորդվել` վարչապետի. «Դա է վկայում վարչապետի լիազորությունը` կառավարման խորհուրդների ստեղծման հարցում։ Գոնե գրեիք Կառավարություն, ոչ թե վարչապետ»: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ի պատասխան նշեց, որ բուհի կառավարման խորհուրդը պետք է հաստատվի իր հիմնադրի կողմից. «Բուհն իր հիմնադրի իրավասության ներքո է գործում։ Հնարավոր է հիմնադիր հանդես գա ԿԳՆ-ն, եւ ինքը հաստատի կառավարման խորհուրդը, կամ էլ նույն Կառավարությունը։ Օրենքում նման ձեւակերպումը մեզ իրավաբաններն են խորհուրդ տվել։ Մենք չենք կարծում, որ այստեղ կոնցեպտուալ, սկզբունքային խնդիր կա։ Եթե խնդիր եք տեսնում, առաջարկ արեք, վերանայենք»: