Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ղարաբաղյան շարժման պատմությունն աղավաղված է» (տեսանյութ)

Քաղաքականություն
1-10

Ղարաբաղյան շարժման 30 ամյակն այսօր չի նշվում այնպես, ինչպես հարկն է: Այսպիսի մտահոգություն կար այսօր «Մամուլի ազգային ակումբում» հավաքված հյուրերի շրջանակում, ովքեր մասնակցում էին շարժման 30 ամյակին նվիրված քննարկմանը: «Ամեն ինչի տոնակատարությունը կարող է շատ ճոխ նշվել, բայց շարժման 30 ամյակը՝ ոչ»,-շեշտեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, խոսելով շարժման ձեռքբերումների մասին, նկատեց, որ Արցախը մեր ժողովրդի միասնականության հաղթանակն էր: Արցախի ազատագրումով լուծվեց Հայկական հարցի մի մասը: «Մեր ամենամեծ ձեռքբերումն այսօր կայացած Արցախն է, կայացած բանակն ու ազատ, անկախ պետականության ձևավորումը»,-նշեց նա: «Ղարաբաղյան շարժման պատմությունն այսօր որոշակի առումով աղավաղված է: Պատմաբաններն այս առումով անելիք ունեն»,-ասում է Ազատամարտի ակունքներում կանգնած Հրայր Ուլուբաբյանը: Իր ճանաչած մարդկանցից շատերն իրենց անձին պատերազմի տարիներից վերագրում են բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում:  Էդիկ Մինասյանը խորհուրդ տվեց շարժման մասնակիցներին՝ գրել և տպագրել իրենց հիշողություններն ու փորձը: «Արցախն ազատագրվեց, բայց միացման հարցը չիրականացավ, քանի որ միասնականությունը ճեղքում տվեց»,- նշում է պարոն Ուլուբաբյանը: Շարժման ակունքներում կանգնած անձանցից  Ալբերտ Բաղդասարյանն էլ հռետորական հարց բարձրացրեց՝ շարժումը մեծ դեր կատարեց պետության հիմքեր դնելու համար, բայց պետությունն ինչո՞ւ չկայացավ: «Պետություն կերտելու փորձ, գաղափար չունեինք, հենց մեկը՝ ես»,- փորձեց իր հարցին  պատասխանել ինքը: Արշակ Սադոյանն էլ առաջարկեց ստեղծել մի վիրտուալ  քաղաքական ուժ, որը կհամախմբի աշխարհի ողջ հայությանը: