Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տ. Մարգարյանը լրագրողների գործունեությունը սահմանափակելու նպատակ ունի»

Հասարակություն
ELQ

ԵԼՔ խմբակցության հայտարարությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ԶԼՄ-երի աշխատանքը կանոնակարգելու հանձնարարականի մասին Հայտարարություն Փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշակել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություններ: Ակնհայտ է, որ այս հանձնարարականը վերջին օրերին քաղաքապետարանի շուրջ զարգացող իրադարձությունների հետևանք է, որը հետապնդում է լրագրողների օրինական գործունեությունը սահմանափակելու նպատակ: Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը հայտարարում է, որ գործող կանոնակարգումները  անհամաչափորեն սահմանափակում են ավագանու անդամների աշխատանքը ԶԼՄ-ների հետ, ուստի նոր՝ էլ ավելի սահմանափակող կարգավորումները մերժելի են խմբակցության կողմից: Միաժամանակ, նշենք, որ այս համատեքստում  Երևանի համայնքի վարչական շենքերում և ենթակայության տակ գործող կազմակերպություններում ԶԼՄ-երի աշխատանքի ցանկացած կարգավորում պետք է բխի ՀՀ Սահմանադրությունից, «Տեղեկատվության ազատության մասին»   և «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթներից։ Սույնով կոչ ենք անում Տարոն Մարգարյանին ձեռնպահ մնալ Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը վնասող կանոնակարգումներից:   ԵԼՔ մամուլի հետ կապերի բաժին