Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքական ինտրիգ են պահում».ՀՀԿ պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
rustam

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, սահմանադրական իրավունքի մասնագետ Ռուստամ Մախմուդյանը միտում է տեսնում քննարկումներում, երբ ասվում է, թե սահմանադրական վակուում է առաջացել՝ ՀՀ 4-րդ նախագահին ոչ թե պետք է ընտրի ԱԺ-ն, այլ ժողովուրդը: «Եթե այդպիսի նկատառում կար ինչո՞ւ չէր արվում ավելի վաղ, այլ ընդամենը ՀՀ նախագահի ընտրություններից օրեր առաջ: Սա ինքնին ենթադրում է, որ քաղաքական ինտրիգը պահելու, քաղաքական օրակարգ ապահովելու համար կարող են նման կարծիք հայտնել, թեեւ իրենց կարծիքը կյանքի իրավունք ունի, բայց այս պարագայում ես չեմ կարծում, որ վերաբերելի է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը:     

Փաստաբան Վահե Գրիգորյանը, հղում կատարելով նոր Սահմանադրությանը, նշել էր, որ ՀՀ 4-րդ նախագահը ընտրվում է 2005թ. փոփոխություններով՝ քաղաքացիների կողմից. ԱԺ-ն Սահմանադրության՝ 2015թ. փոփոխությունների 125 հոդվածով նման լիազորություն կունենա ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնի ստանձնման օրվանից սկսած: Ռուստամ Մախմուդյանը հղում է կատարում Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ մասին եւ դրանից անջատված, բացառություն անվանված 211-րդ հոդվածին. «209-րդ հոդվածի 6-րդ մասով, այո, ի թիվս այլ գլուխների, ուժի մեջ է մտնում նորընտիր ՀՀ նախագահի կողմից իր պաշտոնի ստանձման օրը: Ամեն ինչ շատ ճիշտ է, եթե մենք չենք ունենում Սահմանադրության 211-րդ հոդվածը, որը ինքնին բացառություն է, ու գնում ենք այն կանխավարկածով, որ 211-րդ հոդվածը ուժի մեջ է մտել փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: Այսինքն, մենք ունենք գործող նորմ»:

 Ռուստամ Մախմուդյանն այստեղ մեկը մյուսին հակասող դրույթ չի տեսնում եւ առավելեւս չի կարծում, որ սա այն հարցն է, որ պետք է դրվի ՍԴ քննարկման. «Սահմանադրության յուրաքանչյուր դրույթ, եթե ինքնուրույն մեկնաբանենք, միգուցե բազմաթիվ խնդիրներ ու խնդրահարույց հարցեր առաջացնենք: Սակայն, երբ համատեքստում սկսում ես մեկնաբանել, այստեղ մասնավորից ընդհանուրի եւ հակառակի մեթոդաբանությունը, ինչը տվյալ պարագայում Սահմանադրությունն ապահովել է, մենք սահմանադրական նորմերի հետ, իմ խորին համոզմամբ, խնդիրներ չունենք»:

            Ընդդիմությունն այն կարծիքին է, որ նոր Սահմանադրության մեջ վիճահարույց, երկիմաստություն պարունակող դրույթների առկայության նպատակը մեկն է՝ իշխանության գերկենտրոնացում Սերժ Սարգսյանի ձեռքում. «Սահմանադրությունն ընդհանրապես Կտակարան չէ, եւ Սահմանադրությունների ընդունման օրվանից կարելի է տարբեր դրույթների վերաբերյալ իրարամերժ մոտեցումներ ներկայացնել: Քաղաքական որոշակի օրակարգում յուրաքանչյուր քաղաքական ուժ՝ իր համար հրատապ հարցեր պահելու մտադրությամբ, կարող է Սահմանադրության նորմերը տարբեր կերպ մեկնաբանել»:

            Եթե, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն՝ որպես վարչապետի թեկնածու, առաջադրի Սերժ Սարգսյանին, ինչպիսի՞ն կլինի եզդիական համայնքի վերաբերմունքը, որի ներկայացուցիչն է Ռուստամ Մախմուդյանը ԱԺ-ում: Պատգամավորը նկատում է՝ իրենց համայնքը տարբեր ձեւաչափերով իր գոհունակությունը հայտնել է Սերժ Սարգսյանին. «Եթե դու ուզում ես քո համայնքի որոշակի հարցեր լուծում ստանան, հետեւաբար, դու միշտ պետք է կանգնած լինես քաղաքական իշխանության կողքին, քանի որ քաղաքական փոքրամասնության պարագայում բոլոր խնդիրները դառնալու են անիրատեսական»:

Սահմանադրության 125-րդ հոդվածով ՀՀ 4-րդ նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։  ՀՀ նախագահի ընտրության 2-րդ փուլում նախագահ է ընտրվում առավել  ձայներ ստացած թեկնածուն: