Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օգուտ չկա, ես էլ նվիրում եմ. գրքի հեղինակը՝ «Բուկինիստ» մտնողներին (տեսանյութ)

Հասարակություն
Nshan

Բանաստեղծ Նշան Վարդազարյանի «Ութնյակների կարուսելի» ավելի քան 300 օրինակը ամբողջությամբ վաճառել չի ստացվել, հեղինակը նշում է, որ մեկ օրինակի վրա ծախսը 600 դրամ է կազմել. «Վաճառելը շահութաբեր չի լինի, գրախանութներն ամենաշատը 700- ով են վաճառում, օգուտ չկա, ես էլ նվիրում եմ»: Բանաստեղծն այսօր գիրք նվիրելու օրվա խորհրդով, որոշել էր նվիրել սեփական գիրքը, բաժանելով այն «Բուկինիստ» խանութ մտնողներին։ Նշան Վարդազարյանը գրել սկսել է պատանի տարիներից, իսկ «Ութնյակների կարուսելի» բանաստեղծությունները ծնվել են ավելի քան 25 տարի առաջ.  «մասնագիտությամբ գրելու հետ որևէ կապ չունեմ, առևտրական եմ եղել, կյանքիս մեծ մասն ապրել եմ Մոսկվայում, հիմա գնալու միտք չունեմ, ազատ ժամանակս էլ շատ է, երբ նոր գիրք հրատարակեմ, անպայման կնիվերեմ ձեզ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա: 10 տարեկան Նարեկը ամեն օր գումար է հավաքում քույրիկին նվերներ գնելու համար, իսկ ինքն անձամբ արդեն ձևավորված ճաշակ ունի,- « Շատ եմ սիրում կարդալ հայ առակագիրներին՝ Այգեկցուն, Գոշին, կարդալ շատ եմ սիրում»: Մշակութաբան Լիլիթը համալսարանական ընկերուհու համար գնել է իր սիրելի ժամանակակից հայ հեղինակի՝ Մարկ Արենի «Վայրի վարդերը»,-« նորագույն շրջանի հեղինակներին եմ կարդում՝ մոդեռն, պոտսմոդեռն, շատ եմ սիրում Ջեք Քերուակի ստեղծագործությունները»: «Բուկինիստ»- ի փոխտնօրեն Լորիս Վարդանյանը փաստում է, ներկայում ամենաշատ վաճառվող գրքերը մանկականներն են,- « բացի դա, մեծ ուշադրության են արժանանում արտասահմանյան ժամանակակից հեղինակները՝ Սթիվեն Քինգը, Դեն Բրաունը և այլ ֆանտաստ գրողներ։ Հայ ժամանակիցները նույնպես ընթարցողներ ունեն, շատ պահանջված հեղինակ է Գուրգեն Խանջյանը»: Անգլերենով ընթերցողները նույնպես կայուն շուկա են ձևավորել,-«կամաց- կամաց հավասարվում է ռուսերենին, երիտասարդներից շատերը անգլերենին տիրապետում են, ռուսերենին՝ ոչ»: Գրախանութը շուտով նոր մասնաճյուղ է ունենալու, փոխտնօրենը փակագծերը բացել չցանկացավ,- « ժամանակը կգա հանրությունը կիմանա՝ որտեղ»: