Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արտասահմանյան երկրներից ընդօրինակված օրենքները Հայաստանում չեն գործում» (տեսանյութ)

Քաղաքականություն
bardzraguyn-krt-masin-orenqi...

«Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում տեսել է ավելի շատ դրական փոփոխություններ, քան բացասական: Ըստ նրա՝ նախագծում տեղ գտած բացթողումներից մեկն այն է, որ բարձրագույն կրթության սուբյեկտները (համալսարան, ինստիտուտ, ակադեմիա, կոնսերվատորիա և այլն) նկարագրված չեն՝ ինչպես ընդունված է արտասահմանյան երկրներում: «Համալսարանը ամենա ապաքաղաքականացված օջախը պետք է լինի»,- ասում է տիկին Հարությունյանը: Ըստ նրա՝ օրենքի նախագծով արգելվում է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձն ընդգրկվի բուհի կառավարման խորհրդում, և դա դրական մոտեցում է:   Հայաստանի կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանի կարծիքով՝ լավագույն օրենքները, որոնք արտասահմանյան երկրներից ընդօրինակվում են, Հայաստանում հաճախ իրենց չեն արդարացնում, քանի որ հայկական էությունը հաշվի չի առնվում: Ըստ պրոֆեսորի՝ բոլոր ժամանակներում հայերը մեծ ուշադրություն են դարձրել կրթությանը, բայց ստեղծված բազմաթիվ մասնավոր բուհերը էժանացրել են կրթության հանդեպ վերաբերմունքը: Ձևավորվել է մոտեցում, ըստ որի, կարելի է ստանալ բարձրագույն կրթություն՝ առանց սովորելու: Պարոն Աղուզումցյանը նշում է, որ ներկա կրթահամակարգում ուսանողը կախված է դասախոսից, մինչդեռ հակառակը պետք է լիներ, պահանջողը պետք է ուսանողը լինի, դասախոսը՝ կատարողը: Բուհն էլ կախված է ուսանողից, քանի որ վերջինը վճարում է իրեն: Անհատի մասնագիտական կողմնորոշման հարցը պետք է լուծել հոգեբանական խորհրդատվության միջոցով: «Բուհերում պետք է գիտելիքը համատեղել գործնականի հետ, իսկ թե որքանով են դասախոսները պատրաստ դրան, այլ հարց է»,- ասում է նա: Ինչ վերաբերում է մասնագիտություններին, ապա, նրա կարծիքով, մեզ համար առաջնահերթ են 2 մասնագիտությունները՝ ծնողը և դասախոսը: