Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթողիկոսն ընդունեց ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին

Պաշտոնական
17r-1

 Փետրվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին: ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուն Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց կուսակցությունների, գիտական ու կրթական հաստատությունների և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության ղեկավարության հետ ունեցած հանդիպումների, ինչպես նաև Սփյուռքի տարբեր համայնքներ կատարած իր այցելությունների արդյունքում՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու՝ ՀՀԿ-ի առաջարկի առնչությամբ կայացրած դրական որոշման մասին և հայցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։ Ողջունելով պրն․ Արմեն Սարգսյանի կայացրած կարևոր որոշումը՝ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ այն պիտի գոհունակությամբ ընդունվի թե´ հայրենի երկրում և թե´ Սփյուռքում: Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց, որ անցնող օրերին զանգվածային լրատվամիջոցներով հետևել է այդ հանդիպումներին։ Հայոց Հովվապետն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանի անձը քաջածանոթ է հայորդիներին թե որպես պետական գործիչ, ով տարբեր հանգամանքներում երկար տարիներ իր ծառայությունն է բերել հայրենիքին, և թե իբրև բարեգործ ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար, ում նախաձեռնած մի շարք հայրենանվեր և եկեղեցաշեն իրագործումները կարևոր ներդրում են մեր ժողովրդի բարօր կյանքի կերտման գործում։   Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը և տիար Արմեն Սարգսյանն անդրադարձան հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին։ Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: