Հենրիխ Մխիթարյանը խորհուրդ է տվել Արսեն Վենգերին

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ չնայած շվեդական «Էստերսունդի» նկատմամբ տարած 3:0 հաշվով հաղթանակին, Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ պատասխան խաղում թիմը պետք է հանդես գա իր ուժեղագույն կազմով:

 

«Մենք պետք է բոլոր խաղերին լրջորեն մոտենանք: Նշանակություն չունի, որ առաջին խաղում հաղթել ենք եւ համարյա մտել ենք հաջորդ փուլ: Պետք է աշխատենք հաղթել նաեւ պատասխան խաղում, որպեսզի ավելի մեծ վստահություն ձեռք բերենք: Հասկանում եմ, որ երկու օր հետո գավաթի եզրափակիչն է, բայց մենք պետք է խաղանք նույն կազմով եւ կրկին հաջողության հասնենք», – ասել է մեր ֆուտբոլիստը:

 

Ինչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Էստերսունդի» հետ պատասխան խաղում ցանկանում է հանդես գալ թուլացված կազմով, որպեսզի առաջատար ֆուտբոլիստները հանգստանան Անգլիայի լիգայի եզրափակիչ խաղից առաջ:

 

Թե ինչպիսի որոշում կընդունի ֆրանսիացի մասնագետը, պարզ կդառնա փետրվարի 22-ին, երբ անգլիացիները սեփական դաշտում կընդունեն շվեդական ակումբին: Երկու օր հետո, «Արսենալը» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում արդեն կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ եւ կպայքարի լիգայի գավաթի համար:

Ավաղ, Հենրիխ Մխիթարյանը չի կարող մասնակցել այդ խաղին, քանի որ մրցաշարի կանոնակարգը թույլ չի տալիս ֆուտբոլիստին մեկ խաղարկության ընթացքում հանդես գալ երկու տարբեր թիմերից: