Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը ստիպեց սիրիահայ կանանց աշխատել (տեսանյութ)

Հասարակություն
Դալիթա-Քահքեջյան

Արդեն 4 տարի է Դալիթա Քահքեջյանի և նրա պես շատ սիրիահայ կանանց շնորհիվ Հայաստանում ավելացել է արևելյան խոհանոցի բույրը։ «Կուզեինք, որ ավելի լավ պայմաններով գայինք այստեղ, բայց պատերազմի հետևանքով փախստականի ձևով Սիրիայից դուրս եկանք և Հայաստան հասանք։ Այստեղ սկսեցինք մեր ձեռքի գործերը ցույց տալ»։ Դալիթա Քահքեջյանը Հայաստանում է սկսել աշխատել։ Քանի որ համեղ է պատրաստում, որոշեց հենց իր պատրաստածն էլ վաճառել ու ծանոթացնել հայաստանցիներին արևելյան խոհանոցի հետ։ Հաճախորդներն էլ հիմանակնում տեղացիներն են։ «Սիրիայում ես տան տիկին էի։ Միայն ամուսինս էր աշխատում։ Հալեպում ընդունված էր, որ կանայք նստեին տանը, երեխաներին մեծացնեին։ Պատերազմի շրջանում  Սիրիայում կանայք սկսեցին աշխատել ու այստեղ էլ շարունակեցին։ Բայց կանայք էլ կան, որ այստեղ են սկսել աշխատել»։  Սիրիահայ կանանց աշխատել ստիպեց կարիքը։ Դալիթա Քահքեջյանը նկատում է, որ Սիրիայում նրանք ոչնչի կարիք չունեին, հետևաբար աշխատելու պահանջ էլ չկար։ «Այստեղ մի քիչ դժվարություններ ունեցանք. տան վարձերը, տղամարդիկ գործ չգտան։ Սկսեցին կանայք աշխատել։ Կանանց մի մասը կրթությունը շարունակեց, մի մասը ուլունքագործությամբ էր զբաղվում, մի մասն ինձ պես խոհարարությամբ սկսեց զբաղվել»։ Թեև Հայաստանում արդեն հարմարվել են, բայց ապագայի մասին վախով է խոսում։ «Հիմա հեռուն չենք նայում։ Սկզբից շատ հեռուները նայեցինք, և մի օրվա մեջ մեր ծրագրածները ջուրն ընկան։ Հիմա միայն կմտածենք, որ մեր երեխաները առողջ լինեն, լավ ապրեն»։ Դալիթա Քահքեջյանը նկատում է, որ հայաստանցիներից նա էլ սովորել է շատ համեղ հայկական սուջուխ պատրաստել։