Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալիևի հայտարարությունից պետք է սթափվենք». Վազգեն Մանուկյան

Քաղաքականություն
6e01ff7df0ca8e715c04ccf378a4b803

«Անկախի» խնդրանքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Զանգեզուրն ու Երևանը գրավելու մասին հայտարարությունները մեկնաբանում է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: - Պատմական տեսանկյունից Ալիևի ասածները, իհարկե, անհեթեթություն են, սակայն պետք է հիշել, որ տարբեր ժողովուրդներ իրենց պատմաբանների միջոցով նմանատիպ կարծիքներ են հայտնում այլ երկրների մասին, բայց դա պետական մակարդակի չի հասնում: Այս դեպքում գործ ունենք պետական մակարդակի բարձրացված հռետորաբանության հետ: Պատմության տեսակետը հասկանալի է, բայց պետք է գնահատել, թե քաղաքական տեսանկյունից դա ինչ է նշանակում: Փաստորեն այդ գաղափարախոսությունը, թե իբր ադրբեջանցիները բացառիկ ազգ են, թե տերն են եղել ամբողջ այս տարածաշրջանի և այլն, տարածվում է իրենց երիտասարդության մեջ, այդպիսի դասագրքերով են դասավանդում իրենց դպրոցներում ու բուհերում, և այդ երիտասարդությունը ոչ միայն լսում է դա, այլև հավատում է դրան: Ավագ սերնդի մեջ, իհարկե, քննադատական մոտեցումն ավելի մեծ է, բայց Ադրբեջանն այնպիսի պետություն է, որ ոչ ոք չի համարձակվի դեմ խոսել: Եվ դրանով Ալիևն ազգային հարցերի շուրջ, առաջին հերթին հայերի և մեր պետության դեմ ուղղված, համախմբում է ամբողջ ժողովրդին, ինչը մեզ համար շատ վտանգավոր է: Բայց դա մի ամբողջ շղթայի ընդամենը մի օղակն է: Դրա հետ միասին Ադրբեջանն իր բանակը ժամանակակից զենքով զինելու, ռազմարդյունաբերական համալիրը, գիտությունը, նոր տեխնոլոգիաները զարգացնելու մեծ ջանքեր է թափում, միաժամանակ հսկայական լոբբիստական աշխատանք է տանում ամբողջ աշխարհում փողի և այն ամենի միջոցով, ինչը դեր է խաղում ժամանակակից աշխարհում: Պետք է ասել, որ Ադրբեջանը բավականին շատ գործընկերներ ունի: Բաքվում կազմակերպվում են խոշոր միջազգային հանդիպումներ, մշակութային, սպորտային միջոցառումներ՝ Ֆորմուլա 1, Եվրատեսիլ և այլն: Այսինքն՝ Ադրբեջանն իր պարտությունից հետո փորձում է մաքսիմալը շահել՝ իր պետությունն ու ժողովրդին առաջ տանելով ազգային հարցերում: Չմոռանանք նաև Ադրբեջանի հզոր դաշնակցի՝ Թուրքիայի մասին: Եվ, ի դեպ, դժվար է ասել՝ Թուրքիայի՞ ազդեցությունն է մեծ Ադրբեջանի վրա, թե՞ հակառակը: Հիշենք, որ հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնելու գործում հսկայական ավանդ ունեցավ Ադրբեջանն իր ակտիվ աշխատանքով Թուրքիայի ղեկավարության հետ: Իհարկե, Ադրբեջանը դեմոկրատական երկիր չի, Հայաստանը շատ ավելի մոտ է իրական դեմոկրատական երկիր կոչվելուն, բայց դա վճռական նշանակություն ունի՞ մյուս երկրների համար կամ վճռական նշանակություն կունենա՞ վճռական պահին: Ինչ է, Թո՞ւրքիան է դեմոկրատական երկիր, Սաուդյան Արաբիա՞ն է դեմոկրատական երկիր: Կամ Ռուսաստանը, որ սերտ հարաբերություններ է հաստատում Ադրբեջանի հետ, հաշվի՞ է առնում նրա դեմոկրատական լինել-չլինելը: Կամ Մեծ Բրիտանիայի բրեքսիթն ի՞նչ էր, եթե ոչ ազգային քաղաքականությունն առաջ տանելու նպատակ: Նույնիսկ դեմոկրատական Ամերիկայում է դա առաջնային. հիշենք Թրամփի քաղաքականությունը՝ «Ամերիկան՝ առաջին հերթին» կարգախոսով: Ի՞նչ է, դա համապատասխանո՞ւմ է համաշխարհային գլոբալիզացիայի, դեմոկրատիայի, լիբերալիզմի ընդհանուր արժեքներին: Սառը պատերազմի ավարտից հետո ամբողջ աշխարհում գնաց գլոբալիզացիայի, լիբերալիզացիայի ալիք, ազգային հարցերն այլևս առաջնային չէին թվում, բայց հիմա աշխարհը փոխվել է: Հիմա աշխարհում ազգային, պետական հարցերը շատ ավելի մեծ նշանակություն ունեն, և եթե մենք հույսը դրել ենք, որ Եվրոպան մեզ իր հովանու տակ կառնի, քանի որ մենք ավելի դեմոկրատական ենք, ապա պետք է գիտակցենք, որ այդ փաստարկի կշիռն այլևս այն չէ, ինչ 10-15 տարի առաջ: Դեմոկրատական երկիր լինելն առաջին հերթին մեզ է պետք, իսկ աշխարհին ցույց տալու և մեր հարցերն այդպես լուծելու համար այնքան էական նշանակություն չունի, որքան առաջ: Աշխարհը փոխվում է: Այնպես որ Ալիևի հայտարարությունից մենք պետք է սթափվենք, մեր պետական մարմինները հսկայական աշխատանք ունեն անելու այս հարցերում, մեր պատմաբաններն անպայման պետք է արձագանքեն: Իսկ մեր երիտասարդությանը պետք է դաստիարակենք այն ոգով, ինչ մենք ունեինք 60-ական թվականներին՝ հպարտ մեր ժողովրդով, մեր պատմությամբ, երբեմն՝ չափազանցված, բայց չէ՞ որ դա հանգեցրեց այն ոգևորությանը, որը պայթեց 88 թվին: Ես կարծում եմ, որ մենք հիմա լիարժեք չենք գիտակցում աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները և դրանից բխող առաջնահերթություններն ու շեշտադրումները: