Արա Վահունի անունով էլեկտրական հոսանքը

«Հայկական կինոն վաղուց մոռացվել է ու շատ վատ վերաբերմունքի է արժանանում։ Դժբախտաբար, մեծագույն վարպետները հենց գնում են մոռանում ենք, երևի գնալու իրավունք չունեն… Այնքան են նրանց թաքցրել, որ կարծիք կա, թե մենք կինո չունենք», –  Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանն այսպես ազդարարեց «Վերադարձ Կինոյի տուն» խորագրով հանդիպում-երեկոների շարքի մեկնարկը։ Այն սկսվեց կինովավերագրող Արա Վահունու «Մուսալեռ. վիշապի տարի» վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ։

30 տարի առաջ նկարահանված ֆիլմում ռեժիսորը նորովի է իմաստավորում Մուսա լեռան հերոսամարտի խորհուրդը։ «Սա Վահունու ամենաէմոցիոնալ ֆիլմն է. պայքարի, կռվի, անազատության շրջան, այդ ժամանակ էր, որ մենք վերածնվեցինք։  Ֆիլմում ռեժիսորը մեծ էներգիա դրեց սովորական հայկական ավանդույթների մեջ։ Նա կինո բերեց մտածողություն, անհանգստություններ, տողատակեր», – նշեց Հարություն Խաչատրյանը։

Կինոքննադատ Անետա Երզնկյանն էլ նշեց, որ Արա Վահունու յուրաքանչյուր ֆիլմում ընդգծված հեղինակային ձեռագիր կա։ «Նրա ֆիլմերը չի կարելի շփոթել մեկ այլ ռեժիսորի հետ։ Հատուկ մոտեցում կա կինոլեզվին, դիմանկարին։ Նա մի նոր ժանր առաջ բերեց, որը կոչվում է կինոէսսե», – նշեց կինոքննադատը։ Ըստ նրա՝ կինովավերագրողի ֆիլմերը մեծամասամբ ավարտվում են բազմակետով, այդկերպ ռեժիսորը հանդիսատեսին մտորելու տեղիք է տալիս։ 

Արա Վահունին նկարահանել է 40-ից ավելի վավերագրական  ֆիլմեր. «Էլեգիա»՝ նվիրված Երվանդ Քոչարին,  կույր զուռնաչու մասին պատմող «Կանչը», «Տոհմածառ», «Հույս, հավատ, սեր», «Քոչարի»։ Նա առաջինն էր որ հայկական վավերագրական կինո բերեց մարդուն՝ իր բոլոր նկարագրումներով` առօրյայով, մտածողությամբ և ազգային նկարագրով:     

Քաղաքին կերպար տվող, իր կենսակերպով ու կեցվածքով քաղաքը մայրաքաղաք դարձնող ռեժիսոր։ Փշոտ հումորի զգացում ունեցող մարդ։ Այսպես են ներկայացնում կինովավերագրող Արա Վահունուն նրա ընկերներն ու մտերիմները։

«Վահունու հետ ընկերություն անելը հեշտ էր, բայց դիմանալը շատ դժվար։ Սուր լեզու ուներ, ընկերություն էինք անում ու ինձ միշտ ծաղրում էր», – հիշում է Հարություն Խաչատրյանը։

Կինովավերագրողի որդին՝ Վահե Վահունին, ով ևս ներկա էր ֆիլմի ցուցադրմանը, նշեց, որ հայրն իրեն համեմատում էր էլեկտրական հոսանքի հետ։ «Շատ դիպուկ խոսքը հասցնում էր հասցեատիրոջը»։  Հ

իշում է՝ գրեթե բոլոր ֆիլմերի նկարահանումներին հայրն իրեն տանում էր։ «Հիմնականում ծանր բանվորի աշխատանք էի անում», – կատակում է Վահե Վահունին՝ միաժամանակ նշելով, որ այժմ այդ հիշողությունները շատ թանկ են իր համար։

Ֆիլմի ցուցադրումից հետո «Մուսա Լեռ» հայրենակցական միությունը  հետմահու Արա Վահունուն պարգևատրեց պատվոգրով և Մուսալեռ հուշամեդալով ՝ նրա ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։   Արա Վահունին կյանքից հեռացել է 2006թ-ին։