Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի բյուրոյի փոխնախագահ

Պաշտոնական
unesco-nkar

Փետրվարի 13-ին Հայաստանը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ, դարձավ Կոմիտեի բյուրոյի փոխնախագահ մեկ տարի ժամկետով՝ ստանալով Կոմիտեի անդամ երկրների միաձայն աջակցությունը։ Բյուրոյի անդամների առաջադրումը կայացել էր Կորեայի Հանրապետությունում 2017 թ. դեկտեմբերի 4-9-ը տեղի ունեցած Կոմիտեի 12-րդ նստաշրջանի ընթացքում քննարկումների ժամանակ, իսկ վերջնական հաստատումն իրականացվել է ս․թ․ փետրվարին կայացած էլեկտրոնային խորհրդակցությունների ընթացքում։ Հայաստանը Կոմիտեի անդամ է հանդիսանում 2016-2020թթ. ժամանակահատվածի համար: Տեղեկանք. Միջկառավարական կոմիտեն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի գլխավոր մարմիններից է և բաղկացած է տարածաշրջանային վեց խմբերը ներկայացնող 24 անդամից: Կոմիտեի կարևոր գործառույթներից է Կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը:


Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց «Գեղարդի վանական համալիրի ժայռափոր եկեղեցիների և ջրահեռացման համակարգի պահպանության և ամրակայման մեթոդաբանությունները» խորհրդաժողովի բացմանը, որն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում: Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին՝ Աշոտ Հովակիմյանը շեշտեց, որ խորհրդաժողովի կազմակերպման նպատակն է աջակցել Գեղարդի վանական համալիրի առավել արդյունավետ պահպանմանը` ջրահեռացման համակարգի նոր մեթոդաբանությունների մշակման միջոցով։ Հաշվի առնելով, որ 2000 թվականից Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության ցանկում, որպես մարդկության համար առավել մեծ մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ՝ դրանց պահպանումը չափազանց կարևոր է: Մաղթելով հաջողություն խորհրդաժողովի աշխատանքներին՝ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ խորհրդաժողովի փորձագետների կողմից մշակված մեթոդաբանությունը կարևոր նախադեպ կհանդիսանա մյուս մշակութային վայրերի պահպանման համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում: ՏեղեկանքԽորհրդաժողովն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից և ԱԳ նախարարության ներքո գործող Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության հետ համագործակցաբար` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված և ֆինանսավորված «Գեղարդի վանական համալիրի ժայռափոր եկեղեցիների և ջրահեռացման համակարգի պահպանության և ամրակայման մեթոդաբանություններ» ծրագրի շրջանակներում: