«Երկիր Ծիրանի»-ի ակցիայից հետո կոյուղատարը նորոգվում է (տեսանյութ)

«Ինչու չես իջնում, մի հատ էլ նկարվի: Էդտեղից մի խոսա, իջի»,- «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարեւանությամբ բնակվող քաղաքացին  կանչում է հարեւաններին՝ իրենց  հուզող խնդրի մասին  տեսախցիկի առաջ մեկ անգամ եւս բարձրաձայնելու համար:  Արդեն մի քանի տարի է  տարածքում գարշահոտություն է,  քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը  վթարված է։ « 21րդ դարում ենք ապրում, բայց կոյուղին բացօթյա է գնում, 20 մետր»,- ասում է բնակիչներից մեկը: Մյուսն էլ ավելացնում է՝ ոչ կարողանում են  երեխաները ներքեւում խաղալ, ոչ կարողանում են  պատուհան բացել:

Նուբարաշենի բնակիչները  չեն կարողանում հասկանալ թե երեկ ինչու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին  անդամների հանդեպ  այդպես  անհանդուժող եղան հանրապետականները,  երբ   նրանք ընդամենը  փոխանցում էին իրենց պահանջը։

Հիշեցնենք, որ խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը ապակյա տարայով կոյուղաջուր էր բերել եւ ցանկացել դնել Տարոն Մարգարյանի սեղանին. «Թողեին տաներ դներ սեղանին, որ զգային այդ հոտը, այստեղ հազարավոր մարդիկ էին ապրում եւ մենք այդ հոտը շնչում ենք, թող գան մի օր էլ իրենք շնչեն»,- ասում է մեկ այլ բնակիչ:

   Չնայած «Երկիր Ծիրանի»ի արարքին տրված  տարբեր  գնահատականներին՝ այսօր օրվա երկրորդ կեսից   տարածքում սկսվել էին  շինարարական աշխատանքները:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի բաց  կոյուղատարի   նորոգման  աշխատանքները նախատեսվում է  երեք օրվա ընթացքում  ավարտել։ 

 Մանրամասները՝ տեսանյութում: