Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անթույլատրելի է Երեւան քաղաքում բազմաթիվ կենցաղային խնդիրների առկայությունը. ՀՅԴ

Հասարակություն
ef4344b7135263c8f319571ac09134ad

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնում 2018թ. փետրվարի 13-ին Երեւան քաղաքի ավագանու նիստում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Առաջին հերթին անթույլատրելի է Երեւան քաղաքում բազմաթիվ կենցաղային խնդիրների առկայությունը եւ դրանց նկատմամբ քաղաքապետարանի շարունակական անտարբերությունը, երբ այդ խնդիրները բազմիցս բարձրացվել են քաղաքացիների կողմից, իսկ դրանց լուծման ուղղությամբ որեւէ տեսանելի քայլ չի արվել: Երկիր Ծիրանի կուսակցության կողմից ակցիայի հարցի բարձրացման ձեւը կարելի է քննարկել եւ չհամաձայնվել: Ամեն դեպքում աննպատակահարմար է քաղաքում գոյություն ունեցող խնդիրների բեմականացված ներկայացումը ավագանու նիստում: Խնդիրները ներկայացնելու առավել ընդունելի տարբերակներ կան, և կարծում ենք՝ այդ տարբերակները սպառված չեն: Սակայն դա ոչ մի ձեւով չի արդարացնում ավագանու մեծամասության կողմից, մեղմ ասած, ոչ քաղաքակիրթ եւ մարդու իրավունքների բոլոր նորմերը խախտող վարքի դրսեւորումները, որին ականատես եղանք բոլորս: ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն դատապարտում է տեղի ունեցած բռնությունը քաղաքի ավագանու երեկվա նիստի ընթացքում եւ կոչ է անում խնդիրների լուծումները գտնել քաղաքակիրթ ձեւով՝ չնսեմացնելով քաղաքի կառավարման  բարձրագույն մարմնի ինստիտուտը: Մենք հետամուտ ենք լինելու մեր քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ քաղաքապետարանի կատարած քայլերին: Այն, որ Երեւան քաղաքի կառավարումն ունի բազմաթիվ խնդիրներ, ոչ մեկի համար նորություն չէ: Դրանց լուծման համար արված քայլերը եւ խոչընդոտները պետք է հրապարակվեն, որպեսզի քաղաքում գործող բոլոր կառույցները հնարավորություն ունենան իրենց ներդրումն ունենալու, եւ քաղաքացիներն իրազեկ լինեն խնդիրների լուծման ամբողջ գործընթացին: Մեզ համար առաջնահերթ է երեւանցու պատշաճ ապրելու իրավունքը եւ իր բարձրացրած հարցերի նկատմամբ Երեւանի քաղաքապետարանի կատարած առարկայական քայլերը եւ իրազեկումը: Միայն այդ ձեւով մենք կարող ենք խուսափել խնդիրների բարձրացման բեմականացված տարբերակից: Քաղաքապետարանի ավագանին պարտավոր է ստանձնել այդ դերը, ինչի համար ստացել է քաղաքացիների վստահության քվեն:   ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե