Թուրքիայի և Ամերիկայի շահերը իրականում համընկնում են (տեսանյութ)

Թուրք-ամերիկյան հարաբերությունները  վտանգավոր շեմին են։ Այդ մասին հայտարարում են թուրք պաշտոնյաները։   Վերջին հայտարարությունն արել է   Թուրքիայի արտգործնախարար Մևուլթ Չավուշօղլուն՝ ասելով  կա՛մ Անկարան և Վաշինգտոնը կկարգավորեն հարաբերությունները, կա՛մ էլ դրանք վերջնականապես կխաթարվեն։

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշում է, որ խորքային հակասություններ իրականում չկան։

«Ես խորքային հակասություններ չեմ տեսել ԱՄն Թուրքիայի միջև, զուտ հռետորական փոխհրաձգություններ։ Առարկայական ինչ-որ քայլեր, որ այստեղ հակասություներ կան ես չեմ տեսել»,- ասում է արաբագետը։

Թուրք-ամերիկյան  հարաբերությունները  լարվել են Սիրիայի քրդերին ԱՄՆ-ի օժանդակության պատճառով։ Թուրքիան  հունվարի 20-ից ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում քրդաբնակ Աֆրին շրջանում՝  քրդերին համարելով ահաբեկիչներ, իսկ ԱՄՆ-ը,  հակառակը, պնդում է, որ քրդերը իսլամիստ զինյալների դեմ պայքար են մղել և շարունակելու է աջակցել նրանց։

Սարգիս Գրիգորյան

Հարաբերությունները հարթելու համար երեկ Ստամբուլում հանդիպել են երկու երկրների անվտանգության հարցով պաշտոնյաները, հանդիպումից հետո հայտարարել, թե միասնական պայքար են մղելու ահաբեկչության դեմ։

«Սա բավական խնդրահարույց հայտարարություն է, դիվանագիտական հայտարարություն է, որը պարզաբանումների կարիք է ունենալու։ Այն խմբավորումները,  որոնք Թուրքիայի համար ահաբեկչական են, ԱՄՆ-ի համար ահաբեկչական չեն համարվում»,- ասում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Արաբագետները շեշտում են, որ Սիրական հակամարտության հանգուցալուծումը դեռևս չի նշմարվում։ 

Ակտիվ ռազմական գործողությունները Աֆրինում շարունակվում են։ Մի քանի գյուղեր դեռևս մնում են Թուրքիայի վերահսկողության տակ։