«ՀՀ-ն մեծ պարտք ունի փրկվածների հանդեպ». Սումգայիթի ջարդերի 30 ամյակն է (տեսանյութ)

Այս տարվա փետրվարին լրանալու է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի 30 ամյակը: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացել էր Սումգայիթյան ջարդերից փրկված մի քանի կանանց հետ, նշեց, որ 30 ամյակը նշվում է ոչ միայն անմեղ զոհերի  կամ փրկվածների համար, այլ Հայաստանի Հանրապետությունը մեծ պարտք ունի այս մարդկանց հանդեպ: «Ինչո՞ւ կառավարությունը կամ իշխանական այլ թևեր այս մարդկանց չեն տալիս հատուկ կարգավիճակ»,-հարցնում է նա:

«Սումգայիթը շարունակվել է նաև 27-29-ից հետո: Սովետական Միությունում ոչ ոք չէր պատկերացնում, որ իրականացվում, բացահայտվում են այն քաղաքական և ռազմավարական նպատակները, որոնք իր առջև դրել է Ադրբեջանը 1918թ.-ից: Պատահական չէր Ալիևի վերջին հայտարարությունը: Նույն այդ կարգախոսով է ծնվել Ադրբեջանը, ուղղակի Սովետի ժամանակ բացահայտ չէին կարող խոսել այդ մասին»,- նշում է տիկին Ալավերդյանը:

Ջարդերից մազապուրծ եղած Ռուզաննա Թովմասյանը պատմեց վայրագությունը, որի ականատեսն է եղել: Մինչ ջարդերի սկսվելը, նա այդ մասին տեղեկացել է իր ընկերուհուց, երբ մանուկներով խաղալիս են եղել բակում. «Ադրբեջանցի ընկերուհիներիցս մեկը մոտեցավ ինձ և ասաց՝ ձեր հայերը Ղարաբաղ են պահանջում, մենք՝ ադրբեջանցիներս նրանց պետք է կոտորենք և Թուրքիան մեզ կօգնի»: Բարձրացել է տուն, ասել, իրեն չեն հավատացել: Տիկին Ռուզաննան պնդում է՝ եթե հենց սկզբից անկախ Հայաստանի իշխանությունները ճիշտ ձևով և պատշաճ կերպով ներկայացնեին այն, ինչ կատարվել է Սումգայիթում, այսօր բանակցային գործընթացը կընթանար լրիվ այլ ճանապարհով, լրիվ այլ սկզբունքների վրա հիմնված:

«Կա սխալ տեսակետ, թե ադրբեջանական վայրագությունները տեղի են ունեցել ի պատասխան Ղարաբաղյան շարժման: Հակառակը՝ Ղարաբաղյան շարժումն այդ ճնշումների պատասխանն էր: Իլհամ Ալիևի հայտարարությունը գոնե պետք է հստակեցներ այդ պահը»,- ընդգծում է տիկին Ալավերդյանը:

Շուտով լույս կտեսնի ադրբեջանցիների ցուցմունքներից կազմված գիրքը, որտեղից ընթերցողը կծանոթանա այն սարսափներին, որոնք ապրել են հենց իրենք՝ ադրբեջանցի ականատեսները: