Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ դպրոցներում երեխաների թվի ավելացումը ձեռնտու է տնօրեններին (տեսանյութ)

Հասարակություն
Anahit-Baxshyan

Հատուկ դպրոցներում երեխաների թիվը վերջին տարիներին ավելացել է, դա աղքատության և արտագաղթի հետևանք է, համոզված է կրթության փորձագետ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։ «Երեխաները պատանդ են հատուկ դպրոցներում։ Նրանց թվի ավելացումը ձեռնտու է  դպրոցի տնօրեններին, որոնք յուրաքանչյուր երեխայի համար լրացուցիչ գումար են ստանում պետությունից, մյուս կողմից էլ սոցիալական վատ պայմաններում ապրող ծնողները իրենց երեխաներին տանում են հատուկ դպրոցներ՝ սնունդ եւ հագուստ ստանալու ակնկալիքով»։ Անահիտ Բախշյանի խոսքով, հատուկ դպրոցներում սովորող երեխաների մեծամասնությունը առանձնահատուկ կրթության կարիք չունի։ Նրանցից շատերը տրամաբանող, մտածող երեխաներ են եւ լիարժեք կարող են հաճախել հանրակրթական դպրոց։ «Ծնողները երեխաներին տանում են հատուկ դպրոց՝ առանց մտածելու, որ իրենց երեխան վաղը ստանալու է փաստաթուղթ, որտեղ դրված է լինելու մտավոր թերզարգացում ունեցողների դպրոցի կնիք»: Բայց վիճակագրությունն այլ բանի մասին է հուշում, ըստ այդմ՝ մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ դպրոցում 128 աշակերտ է կազմում,  որոնց համար պետության կողմից տարեկան տրվում է 137 մլն 459 հազար դրամ, յուրաքանչյուր երեխայի համար՝ 1 մլն 73 հազար դրամ։ Մինչդեռ սովորական դպրոցներում յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան պետությունը տրամադրում է 125-135 հազար դրամ։ Անահիտ Բախշյանը նշում է, որ  նորմալ երեխային տանելով  հատուկ դպրոց, կործանում եք նրա ապագան, այս պայմաններում ինչպե՞ս կարող է Հայաստանը զարգանալ: Նրա համոզմամբ՝ ամոթ է, որ ներկայումս Հայաստանում նման վերնագրով դպրոցներ են գործում։ Անահիտ Բախշյանը խնդրի  մասին արդեն բարձրաձայնել է  Մարդու իրավունքների պաշտպանին եւ սպասում է մոնիտորինգի արդյունքներին։