Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն չի բոյկոտի, կմասնակցի ԵԼՔ-ի հրավիրած նիստին (տեսանյութ)

Քաղաքականություն
azgayin-joxov-2

ԱԺ ճեպազրույցներին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների այցին տարածաշրջան, նշեց, որ բանակցությունների խարխլողը այսօր հիմնականում դարձել է Ադրբեջանը` իր հոխորտացող հայտարարություններով։ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ վերջին ԱԺ նիստերը ցույց տվեցին, որ իշխանության լիազորությունների գերկենտրոնացում է տեղի ունենալու վարչապետի շուրջ, որը լուրջ վտանգներ ունի ՀՀ համար։ Ինչ վերաբերում է փետրվարի 16-ին իրենց հրավիրած արտահերթ նիստին` նվիրված Հարկային օրենսգրքով նախատեսված թանկացումներին, նշեց, որ չի կարծում, թե ՀՀԿ խմբակցության պատգամավորները նիստին կգան, սակայն այդ նիստը կարեւոր է նաեւ նրանով, որ սա խորհրդարանական ընդդիմության առաջին արտահերթ նիստն է։ Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի` ՀՀԿ առաջադրած թեկնածուի` Արմեն Սարգսյանի՝ Ելքի հետ հանդիպմանը, որը բավականին ջերմ է եղել ու Արամ Սարգսյանի հետ բարեկամական ողջագուրումներով, պարոն Փաշինյանը նշեց, որ Արամ եւ Արմեն Սարգսյանները 20 տարվա հարաբերություններ ու շփումներ ունեն, ու դա ոչ մի կապ չունի քաղաքական հարաբերությունների հետ. «Բացի այդ, գիտենք, որ ՀՀ նախագահի լիազորությունները նոր Սահմանադրությամբ արարողակարգային են։ Արմեն Սարգսյանն հայտարարություններ է անում, որ չի պատրաստվում մարիոնեթ լինել։ Իսկ թե ինչպիսին կլինի իրականությունը, կապրենք, կտեսնենք»։ «Ա1+»-ի հարցին` եթե արդեն կար մտավախություն, որ ՀՀԿ պատգամավորների չներկայանալով քվորում չի ապահովվի ու նիստ չի անցկացվի, արդյո՞ք նպատակահարմար չէր, այլ ֆորմատով քննարկում անցկացնել, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ յուրաքանչյուր պատգամավորի պարտավորությունն է ներկա լինել ԱԺ նիստին ու եթե այլ ֆորմատով քննարկում կազմակերպեին, կգտնվեր մի լրագրող, որ հակառակը կասեր, թե ինչու ԱԺ նիստ չգումարեցիք։ Մեր մյուս հարցին` եթե Ելքը շարունակում է պաշտպանել ՀՀ նախագահի իրենց թեկնածուին` Արտակ Զեյնալյանին, միգուցե ընդհանրապես չհանդիպեին Արմեն Սարգսյանի հետ, բոյկոտեին հանդիպումը, Ելք խմբակցության ղեկավարը նշեց, բոյկոտել չէին պատրաստվում, քանի որ Արմեն Սարգսյանն իրենց հետ հանդիպման էր եկել որպես ՀՀ քաղաքացի. «Ու դեռ երբեք Ելքը ոչ մի ՀՀ քաղաքացու հետ հանդիպում չի մերժել»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե վստահ չէ, որ ՀՀԿ պատգամավորները կգան նիստին, ասաց. «Պետք է փարատեմ Նիկոլ Փաշինյանի մտահոգությունները` մենք որեւէ նպատակ չունենք չմասնակցելու նրանց հրավիրած նիստին։ Մենք մասնակցելու ենք, թեեւ մեր դիրքորոշումը մենք արդեն արտահայտել ենք այդ թեմայով լսումների ժամանակ։ Թեեւ հիմնավորել ենք մեր տեսակետը, սակայն չենք զլանալու ու նորից կգանք ու կասենք»: Ինչ վերաբերում է ընտրական ռեյտինգային համակարգի հետ ՀՅԴ ունեցած տարաձայնություններին, ապա պարոն Բաղդասարյանը նշեց, որ չեն պատրաստվում հանել այն, քանի որ դա թռիչքային քայլ են համարում. «Եթե հանենք այդ համակարգին, ապա կունենանք մարզեր, որոնք չեն ունենա ԱԺ-ում ներկայացված պատգամավոր»։